Մամուլ

Գնացի կանանց հետևից, որ գան, հաց թխենք «պոստավիկների» համար, իմացա, որ Ավդուռն ադրբեջանցիների վերահսկողության տակ է

Գնացի կանանց հետևից, որ գան, հաց թխենք «պոստավիկների» համար, իմացա, որ Ավդուռն ադրբեջանցիների վերահսկողության տակ է

Mediahub-ը գրում է․ «Առավոտյան, մինչև լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը Հարավում կրակի ձայներ լսեցինք, որը մեզանից շատ մոտ էր, որպեսզի խուճապային տրամադրություններ չստեղծեինք, զանգեցի Մարտունու վարչակազմի ղեկավարին։ Նա տեղեկացրեց, որ միջդիրքային միջադեպ է։ Մենք շարունակեցինք մեր գործը։ Մինչ այդ սահմանային կուտակումների պատճառով աշխարհազոր ուժերում ծառայությունն ուժեղացված էր»,- պատմում է Մարտունու շրջանի Ավդուռ համայնքի ղեկավար Վարուժան Գրիգորյանը։

2020 թվականի «44-օրյա»-ից հետո Ավդուռը 3 կողմից շրջապատված էր ադրբեջանական դիրքերով։ Թշնամին այս ուղղությամբ պարբերաբար խախտում էր հրադադարի պահպանման ռեժիմը, հրաձգային զինատեսակներով կրակ բացում դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ։ 

«Կեսօրին, երբ սկսվեց ռազմական գործողությունը, առաջինը հարվածեցին հեռահաղորդակցության կապի աշտարակին, կապը խափանվեց։ Գյուղի դպրոցը և ապաստարանը ուղիղ նշանառության տակ  էր, առաջինը տարհանեցինք աշակերտներին։ Հետո ամբողջ գյուղը հավաքվեց մեր տան ապաստարանում, իսկ մենք բարձրացանք դիրքեր, ամենքս մեր տեղն ու անելիքը գիտեինք»,- ասում է Գրիգորյանը։

Մի քանի ժամ անց հայտնի է դառնում, որ համագյուղացի 19-ամյա Արթուր Ավանեսյանը ծանր վիրավորում է ստացել։ Ադրբեջանցիները նռնականետի արկն ուղիղ կրակել են տղայի ուղղությամբ, վերջինս տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ է ստացել։

«Ես գնացի Արթուրի հետևից, տեղում ցուցաբերեցինք առաջին օգնություն, ու տարա հիվանդանոց։ Նա մահամերձ վիճակում էր, ամեն կերպ փորձում էի և՛ արագ վարել մեքենան, և՛ հնարավորինս անվնաս տեղ հասցնել, քանի որ երիտասարդի հարազատ եղբայրը՝ Արմանը, զոհվել էր 44-օրյա մարտերում։ Ճանապարհին միայն կարողացա կապ հաստատել 911 ծառայության հետ։ Փրկարարները եկան ու վիրավորին տեղափոխեցին իրենց ավտոմեքենան ու տարան Մարտունու հիվանդանոց»։

Վարուժան Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ Արթուրի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել։ Հետագայում մի քանի վիրահատություն է տարել, ոտքն ամպուտացրել են։ Իսկ Հայաստան տեղափոխվելուց հետո նրա հայրն այստեղ մահացել է։ 

«Ու դեռ էլի ունի վիրահատություններ, որ պետք է կատարեն»։

Սեպտեմբերի 19-ի գիշերը Ավդուռի բնակիչները մնացել են գյուղում։ Հաջորդ օրը՝ թեժ մարտերի ընթացքում, երբ տարհանվեց հարևան Մյուրիշենը, ավդուռցիները ևս տեղափոխվել են Բերդաշեն։ Գրիգորյանն ասում է, որ իր համագյուղացիները ոչինչ չեն վերցրել իրենց տներից, որովհետև իրենց հիմնական ցանկությունն անվտանգություն և ապրելն էր։

«Հաջորդ օրը նորից պետք է գնայի վարչակազմ, որ իմանանք մեր հերթական քայլերը, անորոշության մեջ էինք, կրակն արդեն դադարել էր, բայց ոչինչ անել չէինք կարող։ Ճանապարհին ասացին, որ ևս մի վիրավոր կա գյուղից՝ Կարեն Պողոսյանը ձեռքից էր վիրավորում ստացել, բարեբախտաբար, Արթուրի համեմատ ինքը ծանր վիճակում չէր։ Գնացի նրա հետևից, այնտեղից էլ վարչակազմի շենք։ Ղեկավարն ասաց, որ կարող եք բնակիչներին Բերդաշենից տեղափոխել Ավդուռ։ Ես ուզում էի՝ բոլորը վերադառնան, որ հաց թխենք, կերակուր պատրաստենք «պոստավիկների» համար։ Երբ գնացի Բերդաշեն, այնտեղ ասացին, որ Ավդուռ-Մյուրիշեն գյուղերն ադրբեջանցիների վերահսկողության տակ են արդեն»,- հիշում է Վարուժան Գրիգորյանը։

Այդ ժամանակ Ավդուռի տղամարդիկ դեռևս գտնվում էին դիրքերում։ Համայնքի ղեկավարը ևս միացել է նրանց, մեկ օր ևս պահել դիրքը, իսկ հաջորդ օրն արդեն բանակը զինաթափել են։ 

«Ո՛չ կարողացանք տուն մտնել, ո՛չ ինչ-որ բան վերցնել, այդպես դատարկաձեռն բոլորս եկանք Ստեփանակերտ, մյուս շրջանների համեմատ Մարտունին՝ ավելի ուշ»,- հավելեց նա։

Կիսվել էջում