Մամուլ

Գյումրիում վրաերթից մահացել է ՇՊՀ դասախոսը

Գյումրիում վրաերթից մահացել է ՇՊՀ դասախոսը

Շիրակի պետական համալսարանը խորը ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է  համալսարանի երկարամյա դասախոս Աստղիկ Սիմոնյանը։

Աստղիկ Սիմոնյանը 1993թ․ մինչև օրս աշխատում էր Շիրակի պետական համալսարանում որպես հոգեբանության դասախոս՝ վայելելով գործընկերների և ուսանողների սերն ու հարգանքը։

Դասախոսական աշխատանքին զուգահեռ Ա․ Սիմոնյանը հոգեբանական և կրթադաստիարակչական ծառայություններ է մատուցել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին, ինչպես նաև անապահով ընտանիքների երեխաներին։

Շիրակի պետական համալսարանի ողջ հանրույթն իր խորին ցավակցությունը և զորակցությունն է հայտնում Ա․ Սիմոնյանի ընտանիքին և հարազատներին։

Աստղիկ Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 16-ին, ժամը 19։00-ին, «Անի» թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցում, հուղարկավորությունը՝ հուլիսի 17-ին, ժամը 14։00-ին, նույն վայրից։

Նշենք, որ  Աստղիկ Սիմոնյանը հուլիսի 13-ին վրաերթի էր ենթարկվել և մարմնական վնասվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից և մայրաքաղաք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:

Կիսվել էջում