Մամուլ

Բժշկուհին ասաց՝ գնացեք, պահանջեք, իմացեք՝ ով է կերել ձեր երեխայի գլուխը

Բժշկուհին ասաց՝ գնացեք, պահանջեք, իմացեք՝ ով է կերել ձեր երեխայի գլուխը:

Հրապարակը գրում է․ Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը»:

Այս լուրի հրապարակումից հետո խմբագրություն էր զանգահարել մի կին, որը պատմեց, թե ինչպես են հանրապետական ծննդատանն իրեն ստիպել հրաժարվել իր երեխայից, համոզել են, որ երեխան չի աճում, հետո «բույս» է դառնալու, եւ ինքը հրաժարվել է երեխայից։ 

Այս քրեական գործը եւ աղմուկը շատերին են անհանգստացրել, եւ ամեն օր նոր մարդիկ են հայտնվում՝ ում սիրտը կասկածներ է ընկել, թե իրենք էլ են նման անմարդկային արարքների զոհերը։ Այսօր մեզ հետ կապ է հաստատել Երեւանի բնակիչ Էդգար Մկրտչյանը։ Նա պատմեց, որ իր կինը ծննդաբերել է հանրապետական ծննդատանը, ունեցել են առողջ երեխա, սակայն հետագայում իրենց ասել են, որ երեխան մահացել է․ 

«Մենք 2012 թվականին տղա երեխա ունեցանք, ինքը ժամկետից մի փոքր շուտ էր ծնվել, բայց նորմալ, առողջ երեխա էր։ Մայրը 2-3 օր այդ երեխային կաթ է տվել, երեխան սկսել է աճել։ Ասացին, որ երեխան 20 գրամ աճ է գրանցել, նույնիսկ ինձ զանգեցին, աչքալուսանք տվեցին, որ բալիկը շատ առողջ է, ես էլ կոնյակ-բոնբոներկայով գնացել իրենց տեսել եմ, ասել եմ՝ խնդրում եմ, երեխային լավ նայեք, ես էլ ձեզ լավ կնայեմ՝ «մաղարիչի» կարգի։ Հետո առավոտյան զանգել են, թե շուտ եկեք հիվանդանոց, ձեր երեխան մահացել է, ձեր երեխան ունեցել է սրտի արատ ու մահացել է։ Հետո ասացին՝ մենք չենք ուզում, որ այս երեխայի համար գերեզմանատեր դառնաք, ջահել երեխա է։

Ինձ հավատացրին, որ այդպես ճիշտ է, և մինչ այսօր մենք մահվան թղթերը չենք ստացել։ Մեզ ուղարկեցին ԶԱԳՍ-ի բյուրո, որ իբր այդ թղթերը վերցնենք, այդպես մեզ քաշքշեցին։ Դրանից մոտ 3 ամիս հետո մի բժշկուհու հեռացրին աշխատանքից, որն այդ երեխայի ծննդաբերությունն էր ընդունել, ինքն է բոլոր թղթերը լրացրել, որ շատ առողջ երեխա է եղել։ Հետո ես ասացի իրեն, որ նման դեպք եմ ունեցել, ասաց՝ ես դա հիշում եմ, ձեր երեխայի գլուխը ով որ կերել է, գնացեք իրենից պահանջեք, մի ընկեք այստեղ-այնտեղ, ձեր երեխան առողջ երեխա է ծնվել, երեխային ես եմ ստուգում արել, թղթերը ես եմ լրացրել։

Այդ բժշկուհու անունը Ռոմելա Գրիգորևնա էր։ Ես տաքսի էի քշում, պատահաբար նստեց մեքենան, ես իրեն մի 2 հարց տվեցի, ասաց՝ այդ երեխայի գլուխն իրենք են կերել, գնացեք, հետաքրքրվեք։ Մենք մինչ այսօր էլ ո՛չ կարողանում ենք այդ երեխայի թղթերը վերցնենք․․․ գոնե մահվան թուղթը վերցնենք, եթե ինքը ծնվել է վատառողջ, իրենք պարտավոր են ինձ թուղթ տալ, բայց ոչ մահվան թուղթն են տվել, ոչ հիվանդության։ Ընդամենը մի հատ թուղթ էին տվել, որ երեխան ծնվել է նորմալ քաշով, ողջ-առողջ երեխա է»։

Էդգար Մկրտչյանն ասաց, որ չի հիշում այն բժշկի անուն-ազգանունը, որն իրեն ասել էր, թե չի ցանկանում, որ երիտասարդ ընտանիքը գերեզմանատեր դառնա, եւ չի տվել երեխայի դին․

«Դա բաժնի վարիչն էր, որ դեմքով տեսնեմ՝ կճանաչեմ։ Ես իմ երեխային մահացած վիճակում չեմ տեսել, մեզ ընդհանրապես ցույց չեն տվել, նույնիսկ կնոջս ցույց չեն տվել։ Դա մեր առաջին երեխան էր, երկար սպասել էինք, եթե ես իրեն մահացած տեսնեի․․․ էդպես էլ երեխային չտեսանք։ Մեզ քաշքշեցին, ասում էին՝ գնացեք այստեղ, գնացեք այնտեղ, ու որտեղ էլ որ գնում էի, ասում էին՝ չեմ հասկանում՝ ո՞ր հիմարն է ձեզ այստեղ ուղարկել։ Հանրապետական հիվանդանոցն ունի մի բաժին, որը ստուգում և ասում է, թե երեխան ինչպես է մահացել, ինչից է մահացել, իրենք են այդ եզրակացությունը տալիս։ Բժշկուհին ասաց, որ իրենք միշտ էլ այստեղ-այնտեղ են ուղարկում, բայց հիվանդանոցը ձեզ պետք է այդ թղթերը տա, ասաց՝ հետաքրքրվեք, ձեր երեխայի մասին ամեն ինչ էլ կիմանաք։ Մենք ուզեցինք հիվանդանոցի գլխավորին տեսնել, իրենք անընդհատ մեզնից խուսափում էին, ասում էին` տեղում չի, ու դռները փակում էին»։

Ընտանիքի բարեկամուհիներից մեկը, որն ավելի վաղ կապվել էր մեզ հետ եւ փոխանցել Էդգարի հեռախոսահամարը, մեզ ասաց, որ ընտանիքն անապահով է եղել, եւ, հավանաբար, դա տեսնելով` երեխային վերցրել են նրանցից, եւ իրենք կասկածներ ունեն, որ նույն սխեման է աշխատել, ինչ բացահայտված դեպքերում։ Ի դեպ, այժմ Մկրտչյանները երեք զավակ ունեն։ Լուսանկարում Էդգար Մկրտչյանն է՝ դստեր հետ։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով