Բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է բնակչի տան տարածքում
Երեկ՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժշկի կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և զրկված է եղել ավտոմեքենան վարելու իրավունքից։ Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «Mercedes»-ի վարորդը օրեր առաջ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիայի մասնակիցներից է եղել և նա նույնպես խնդրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրենց վարորդական իրավունքը առանց քննության վերականգնվի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



