Մամուլ

Ափսոսում եմ, որ Վիտալի Բալասանյանը զրոյացրեց իր հեղինակությունը

Ափսոսում եմ, որ Վիտալի Բալասանյանը զրոյացրեց իր հեղինակությունը: Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանը, որն Արցախում 2012 թվականի ընտրություններին աջակցում էր Վիտալի Բալասանյանին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով նրա նոր նախաձեռնությանը՝ ասաց.

«Բնականաբար, մեր աջակցությունը չի լինի։ Դեռ 2012 թվականին մի շարք կողմնակիցների հետ նա նախաձեռնել էր «Սահմանադրական Արցախ» շարժումը, որը տևեց մի քանի ժամ կամ մի քանի օր, որովհետև ռեալ գործողություններ ու ինչ-որ քայլեր չեղան»։

Խանումյանը հավելեց. «Քաղաքականությունը լուրջ բան է, և քաղաքականությամբ պետք է լրջորեն զբաղվել։ Անլուրջ նախաձեռնությունները չեմ ընդունում, պետք չէ անլուրջ բաներով զբաղվել։ Քաղաքականությունը անընդհատ ու մշտական գործընթաց է, ոչ թե ընտրությունից ընտրություն ընկած գործընթաց, հետևաբար ես այլ պատկերացումներ ունեմ։

Ափսոսում եմ նաև Վիտալի Բալասանյանի համար, որը 2012 թվականի  նախագահական ընտրություններից հետո բավականին մեծ հեղինակություն ուներ, սակայն այդ հեղինակությունը զրոյացրեց՝ տարատեսակ վարկաբեկված անձանց հետ համագործակցության գնալով, այդ թվում՝ Բակո Սահակյանի թիմակիցը դառնալով»։

Խանումյանը շեշտեց՝ Բակո Սահակյանի թիմակիցներին աջակցելու որևէ տարբերակ իրենց համար գոյություն չունի. «Սա նախընտրական նախաձեռնություն է, որը լուրջ չէ։ Իր համար ես ընդամենը ափսոսում եմ: Եղել եմ իր թիմակիցը, ԱԺ իմ նախկին գործընկերն է, բայց նա սխալ ճանապարհի վրա է, սխալ մարդկանց հետ է»։

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով