Վիտալի Բալասանյանը համազգային շարժում է սկսում

Վիտալի Բալասանյանը համազգային շարժում է սկսում: «Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը հաճախ է պարտադրված եղել ցուցադրել ապրելու, հարատեւելու իր իրավունքն ու կենսունակությունը, արժանապատվությամբ անցնել անկանխատեսելի փորձությունների քուրայով, որպեսզի այսօր աշխարհին կարողանանք ներկայանալ ավելի թրծված ու բյուրեղացած:

Միջազգային հանրության աչալուրջ հայացքի ներքո, 2016 թվականի ապրիլին, երբ նորից հայտնվեցինք փորձության շեմին, ՀԱՅԱՍՏԱՆ- ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնությունը հերթական անգամ աշխարհին ապացուցեց իր ամրակայությունն ու հաստատակամությունը:

Այսօր ես ներքին անհանգստությամբ եմ արձանագրում, որ ոչ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, հեղինակություն վայելող անհատներն են գիտակցում հայկական պետականության շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունն ու դրանից բխող վտանգավոր հետեւանքները: Որոշ խմբեր եւ քաղաքական ուժեր, շահարկելով մարդկանց հայրենասիրական զգացմունքները, առաջ են քաշում ժամանակավրեպ լոզունգներ՝ քողարկելով շահադիտական իրենց նպատակները, ինչը ես որակում եմ որպես անհանդուրժելի, հայության նպատակների տառին ու ոգուն անհարիր, ապազգային վտանգավոր երեւույթ: Համոզված եմ, որ օրվա հրամայականն է ուղիներ որոնել մեր ազգի հնարավորությունները լիարժեք եւ նպատակային օգտագործելու համար:

Նկատի ունենալով այս ամենը, ես որոշում եմ կայացրել հանդես գալ նախաձեռնությամբ եւ հայտարարում եմ

«ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» համազգային շարժման մեկնարկի մասին, որի նպատակն է Միացյալ եւ Հզոր Հայաստանի ստեղծումը՝ հետեւյալ խնդիրների լուծմամբ.

-Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում.

-Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրապնդում.

-Սփյուռքի հետ համագործակցության սերտացում եւ ազգային արժեքների պահպանություն:

Շարժմանը կարող են միանալ հասարակական, քաղաքական, մարդասիրական եւ այլ կազմակերպություններ ու անհատներ:

Սիրելի հայրենակիցներ, միանալով «ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» համազգային շարժմանը, Ձեր ազգանվեր գաղափարներով ու առաջարկներով Դուք գործուն մասնակցություն կունենաք մեր գերնպատակի իրագործմանը»: