Մամուլ

Արտառոց միջադեպ «Ռինգո պոնչիկ»-ում․ 3-ամյա երեխայի մազերը սոսնձվել են

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտառոց միջադեպ է տեղի ունեցել Երևանում՝ Րաֆֆու փողոցում գործող «Ռինգո պոնչիկ» արագ սննդի վայրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ գտնվող 3-ամյա երեխան խաղալու ընթացքում վազելով մոտեցել է խաղային սարքի հարակից հատվածին և ընկել հատակին քսված սոսնձի մեջ։ Ծնողի խոսքով՝ սոսինձը քսվել էր արհեստական խոտածածկույթ ամրացնելու համար։

Ծնողի խոսքով՝ ամենակարևոր հանգամանքն այն է, որ աշխատանքներն իրականացվել են այն պահին, երբ ժամանցի վայրում բազմաթիվ երեխաներ են եղել, իսկ սոսնձված հատվածը որևէ կերպ առանձնացված կամ փակված չի եղել։

Արդյունքում 3-ամյա երեխայի մազերն ամբողջությամբ պատվել են սոսինձով, վնասվել է նաև երեխայի հագուստը, իսկ ծնողները ստիպված են եղել մեծ դժվարությամբ հեռացնել սոսինձը երեխայի մազերից։

Ծնողը նաև նշում է, որ դեպքից հետո «Ռինգո պոնչիկ»-ի տնօրինությունից իրենց հայտնել են, թե իրենք մեղավոր չեն, և երեխան պետք է ծնողի կողմից վերահսկվեր, որպեսզի չընկներ սոսնձված հատվածում։ Սակայն ծնողը հակադարձում է՝ 3-ամյա երեխան չէր կարող իմանալ, որ խաղային տարածքի հատակին սոսինձ է քսված, հատկապես երբ վտանգավոր հատվածը որևէ կերպ առանձնացված կամ փակված չի եղել։

Նրա խոսքով՝ նման աշխատանքները հնարավոր էր իրականացնել այն ժամին, երբ ժամանցի վայրում երեխաներ չկան, օրինակ՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, կամ առնվազն ժամանակավորապես փակել տվյալ հատվածը և թույլ չտալ երեխաների մուտքը։

Բարեբախտաբար, այս պահին երեխայի մոտ լուրջ մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել, սակայն ծնողի խոսքով՝ դեպքը կարող էր շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ։

Ծնողը հարց է բարձրացնում՝ ո՞վ է պատասխանատու երեխաների անվտանգության համար խաղային տարածքում, և արդյո՞ք թույլատրելի է երեխաների ներկայությամբ հատակին սոսինձ քսելու աշխատանքներ իրականացնել՝ առանց վտանգավոր հատվածը մեկուսացնելու։

ringo depq
ringo depq erexa 1
ringo depq erexa 2
Կիսվեք ձեր էջում