Մամուլ

Արմենն ընտանիքին իջեցրել է շենքի ապաստարան, ինքը գնացել ծառայության վայր, մինչև վերջին պահը զենքը վայր չի դրել

Արմենն ընտանիքին իջեցրել է շենքի ապաստարան, ինքը գնացել ծառայության վայր, մինչև վերջին պահը զենքը վայր չի դրել

«Անիծված այդ օրից անցել է ուղիղ 6 ամիս։ Արմենի զոհվելուց հետո չենք ապրում։ Իր 2 տղաներն են մեզ ապրեցնում»,- MediaHub-ի հետ զրույցում վաստակավոր ուսուցչուհի Բելլա Ջիվանշիրյանը պատմում է որդու՝ Արմեն Իսախանյանի մասին։ 

Սիսիանի ավագ դպրոցում նա ֆիզիկա է դասավադում, աշակերտներին այն նույն դաստիարակությունն է տալիս, ինչպես տարիներ առաջ տվել է իր որդուն։ «Հաճախ էր կատակով ասում՝ «մամ, դու ես մեղավոր, որ ես հայրենիքն էսքան շատ եմ սիրում»։

Առաջին պատերազմում զոհվել էր եղբայրս, մենք հաճախ էինք Արմենի հետ այցելում նրա գերեզմանին։ Արմենը տեսել է հետպատերազմյան, գրեթե մոխրացած Արցախը։ Իր աչքի առաջ է տեղի ունեցել Արցախի վերածնունդը։ Դրա համար հոգով կապված էր Հայաստան-Արցախ հայրենիքին»,- պատմում է մայրը։ 

ԱԱԾ փոխգնդապետ 38-ամյա Արմեն Իսախանյանը ծնվել ու մեծացել է Սիսիանում։ Հայրական կողմից սյունեցի է, մայրական կողմի շառավիղներով՝ արցախցի։ ՀՀ զինված ուժերում ծառայությունը վերջացնելուց հետո ծնողներին ասել է, որ ուզում է տեղափոխվել Արցախ՝ այնտեղ էլ պարտք ունի տալու։

«Տեղափոխվել ու այնպես է սիրահարվել Արցախի հողին, որ մշտական բնակություն է հաստատլ այնտեղ։ Ծառայության է ընդունվել հատուկ նշանակության ջոկատում, այնուհետև ԱԱԾ ուժերում։ Մենք ոչինչ չգիտեինք իր մասին, ծանրակշիռ խոսք ուներ ու ծառայության մասին հիմնականում չէր խոսում։ Սակայն, նրա ընկերների կողմից ավելի ուշ ենք իմացել Արմենի կատարած առաքելության մասին»,- ասում է մայրը։ 

2012-ին Արմենն ամուսնացել է ստեփանակերտցի Հասմիկի հետ, համատեղ կյանքում 2 երեխա են ունեցել։ Տիկին Բելլայի խոսքով՝ Արմանն ու Վարդանը հոր շարունակությունն են. «Մանավանդ Վարդանն ասում է՝ «գնալու եմ այն Հայաստանը, որը թուրքերն են գրավել, պիտի ազատագրենք»։ Ես փորձում եմ շեղել իրենց մասնագիտական ընտրության հարցում, բայց կայացրած որոշումը վճռական է»։ 

Արմենի կինը՝ Հասմիկը, մեզ հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմից հետո ամուսինն օրերով տուն չի եկել, մինչև վերջին պահը զենքը ձեռքին եղել է ծառայության վայրում։ Իսկ այդ օրերին, երբ թշնամական զորքը հասել էր Ստեփանակերտի մատույցներ, ԱԱԾ համակարգի ծառայողները ուժեղացված ռեժիմով են իրականացրել իրենց պարտականությունները։ 

armen hasmik

«Նախքան պատերազմը սկսվելը եկել էր տուն, պետք է հանգստանար, բայց քանի որ շրջափակում էր ու խանութները դատարկ, գնացել էր շուկայից որոշակի գնումներ կատարելու։ Երբ տուն եկավ, մենք լսեցինք առաջին պայթյունների ձայները։ Արմանը դպրոցում էր, ես խնդրեցի գնալ երեխայի հետևից, բայց տղաս ինքնուրույն տուն է եկել։ Արմենը մեզ իջեցրել է շենքի ապաստարան, ինքը գնացել ծառայության վայր։ Մինչ զինադադարը՝ մի անգամ է եկել տեսակցության»,- հիշում է Հասմիկը։ 

Կնոջ խոսքով՝ երբ իրավիճակն օր օրի բարդանում էր անգամ կրակը դադարելուց հետո, Արմենն ընտանիքին ճանապարհել է Հայաստան, ինքը շարունակել ծառայությունը։ 

«Ամսի 24-ին մեզ ուղարկեց, ինքը մնաց, երբ հարցրեցի ե՞րբ կգաս, ասաց՝ «ես վերջինը պիտի դուրս գամ Արցախից»։ Ասացի՝ «Արմեն, բոլորը վառում են իրենց համազգեստը, դու էլ կվառես, չգիտես՝ հետո ինչ կանեն», ինքն էլ ասաց, թե «չեմ կարող, ի՞նչպես վառեմ, սա ուղղակի համազգեստ չէ, սա սպայի պատիվ ու արժանապատվություն է»»,- հիշում է Հասմիկը։ 

6 ամիս առաջ այս օրը  Արմեն Իսախանյանն էլ լինելով Հայկազովի վառելիքի պահեստում դարձել է աղետի զոհը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում