Մամուլ

Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 29 տարեկան

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Ապրիլյան պատերազմում Մարտակերտի պաշտպանական շրջանում հերոսաբար զոհված հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Կապիտանը կդառնար 29 տարեկան։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Ռուսաստանից վերադառնալով, Արմենակ Ուրֆանյանն ընդունվում է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո «լեյտենանտ» սպայական կոչումով նշանակում է ստանում։ Զորքերում անցկացրած ծառայության արդյունքում 26 տարեկանում ստանում է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվում վաշտի հրամանատար՝ առաջին գծում։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը իրեն հատկապես հերոսաբար դրսևորեց Քառօրյա պատերազմի ժամանակ։ 2016 թվականի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։

Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։

Կիսվել էջում