ՄամուլՍպորտ

Արթուր Ալեքսանյանը նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը։ 

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից հայտնում են, որ արդեն ավելի քան կես դար է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի  դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրել: Աջակցելով երեխաներին վերաբերող խնդիրների մասին իրազեկմանը և միջոցների հավաքագրմանը՝ մեզ հետ աշխատող հանրաճանաչ մարդիկ հստակ ուղերձ են հղում առ այն, որ առաջնահերթությունը պետք է տալ երեխաներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված:

Այս մասին Արթուր Ալեքսանյանը հայտնել է Ինստագրամի իր էջում՝ ընդգծել է, որ հպարտ է։ «Հպարտ եմ Unicef մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- գրել է նա ու լուսանկարներ հրապարակել երեխաների հետ:

Հիշեցնենք՝ նախկինում հայ մարզիկներից Unicef-ի բարի կամքի դեսպան էր դարձել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Դա 2016 թվականին էր, երբ նա դեռ հանդես էր գալիս «Մանչեստեր Յունայթեդ»-ում:

Կիսվել նյութով