Մամուլ

Արարատի մարզպետը՝ մազերը չհարդարելու պատճառով վարսահարդարին ծեծի ենթարկելու մասին

Երեկ 168.am-ը գրել էր, որ հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ։ Այս միջադեպին անդրադարձել է Արարատի մարզպետը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով և հերքելով դեպքի իսկությունը։

«168․am կայքում իմ մասին հայտնվել է հերթական ապատեղեկատվություն պարունակող մի նյութ՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերնագրով։

Փաստորեն, որոշ լրագրողներ գործում են ֆանտազիայի ժանրում։ Այս անգամ, պարզվում է՝ մազերս չհարդարելու համար ծեծի եմ ենթարկել վարսահարդարին։

Իսկ եթե լուրջ, ապա հայտարարում եմ, որ այս լրատվամիջոցում տեղ գտած տեղեկատվությունը և հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։ Հասկանալի է, որ լուրերը ձեզ համար նոր սենսացիայի առիթ են, բայց այս անգամ թույլ տվեք փչացնել ձեր տոնը։

Այս նյութի կապակցությամբ ցանկանում եմ նաև հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը և խնդրել, որպեսզի վերջիններս մանրամասն ուսումնասիրեն տվյալ նյութը և, եթե դրանում հանցակազմ պարունակող հատկանիշներ կան, ապա թող անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ պարզելու տվյալ «դեպքի հանգամանքները» և ինձ մեղսագրվող «հանցանքի» արժանահավատությունը»,- գրել է Սարգսյանը։

Կիսվել էջում