Մամուլ

Ավտոմաքսատունը տեղափոխվում է Գյումրի. կառավարությունը 181 մլն դրամ հատկացրեց

Ավտոմաքսատունը տեղափոխվում է Գյումրի։ Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին, որի հանձնարարությունը տվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը: Գյումրիում այս կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար, մնացած տարածքում ստեղծվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն:

«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, այդ պատճառով շատ հրատապ եւ շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը՝ վարչապետի հանձնարարությամբ: Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա»,- նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա տեղեկացրեց, որ ամբողջ նախագծի իրականացման համար հաշվարկված արժեքը 2,2 մլրդ դրամ է, որից այսօր մենք խնդրում ենք 181 մլն դրամ տրամադրել՝ ազդարարելով ծրագրի մեկնարկը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատուն այցից հետո ՊԵԿ նախագահին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

Կիսվել էջում