Աշխարհ

Աստված տանզանացիներին վիրուսից կպաշտպանի. Տանզանիայի նախագահ

Աստված տանզանացիներին վիրուսից կպաշտպանի. Տանզանիայի նախագահ

Ինչպես հայտնում է News.am-ը՝ Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին քաղաքացիներին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի ֆոնին դիմել Աստծուն եւ աջակցել տնտեսությանը: Սակայն կորոնավիրուսի դեպքերի աճին զուգահեռ՝ ավելի հաճախ են հնչում երկրում առավել ակտիվ գործողությունների կոչերը, փոխանցում է AFP-ն:

Այն դեպում, երբ ամբողջ Աֆրիկայում երկրները մտցրել են պարետային ժամ, մասնակի կամ ամբողջական կարանտին, Տանզանիան այս միջոցառումներին դիմադրում է: Դպրոցներն ու համալսարանները փակ են, բայց շուկաները, ավտոբուսների կանգառները եւ խանութները սովորականի պես աշխատում են:

Մագուֆուլին, որն ուրբաթ վիրուսի դեմ պայքարելու համար եռօրյա աղոթքի կոչ էր արել, համաշխարհային սակավաթիվ առաջնորդներից մեկն է, որն այս հիվանդությունը դեռեւս լուրջ չի ընդունում:

«Ժամանակն է ամրապնդել մեր հավատը եւ շարունակել Աստծուն աղոթել՝ հույս չդնելով պաշտպանական դիմակների վրա: Մի՛ դադարեք հաճախել եկեղեցիներ եւ մզկիթներ: Ես համոզված եմ, որ սա ընդամենը քամու փոփոխություն է, եւ այն կանցնի, ինչպես նախկինում»,- մարտին հայտարարել էր Մագուֆուլին: Նա իր ուղերձը կրկնել է անցյալ շաբաթ Ավագ ուրբաթ՝ ասելով, որ Աստված տանզանացիներին վիրուսից կպաշտպանի:

Տանզանիայում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 16-ին, վերջին շաբաթվա ընթացքում դեպքերի թիվը 32-ից հասել է 147-ի, ընդ որում՝ 5 մարդ մահացել է:

Կիսվել նյութով