Մամուլ

Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային աջակցություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման բանկից 50 մլն դոլարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու նախագծին:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև  նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը՝ 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու նպատակով

Միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը (պակասուրդի ընդհանուր գումարը՝ 156 մլրդ 915 մլն 705.5 հազ. ՀՀ դրամ), ուստի, վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն ԱՄՆ դոլար է: Այն բաղկացած է 2017թ. և 2018թ. համար առանձին ենթածրագրերից՝ համապատասխանաբար 40 մլն ԱՄՆ դոլար և 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Ծրագիրը միտված է ՀՀ ֆինանսական շուկաների ընդլայնմանը:

Կիսվել էջում