Մամուլ

Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզում․ Ռուբին հյուրանոցում տղամարդն իրեն պայթեցրել է

Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզում․ Ռուբին հյուրանոցում տղամարդն իրեն պայթեցրել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկունք գյուղում գործող «Ռուբին» հյուրանոցային համալիրում տղամարդու դի կա։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցի թիվ 305 հյուրատանը՝ բազմոցի դիմաց՝ հատակին, հայտնաբերել են տղամարդու դի՝ մարմինն ամբողջովին ջնջխված։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպան է եղել՝ նռնակով իրեն պայթեցնելու եղանակով։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը երեկոյան այցելել է նշված հյուրանոցային համալիր, սնունդ է պատվիրել, ապա առանձնացել է իր կողմից պատվիրված սենյակում ու որոշ ժամանակ անց աշխատակիցները հայտնաբերել են նրան մահացած։

Հյուրանոցային համալիրում տեղադրված են նաև տեսախցիկներ, որոնք քննիչն առգրավել է։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դիակի մոտ էլ հայտնաբերվել է կարճափող հրազեն, նռնակի պայթուցիչը, որը հավանաբար նա պայթեցրել է։ Այս պահին տեղում աշխատում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները։

Կիսվել էջում