Մամուլ

Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում․ ո՞վ է 28-ամյա սպանվածը

Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում․ ո՞վ է 28-ամյա սպանվածը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 20-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Հրշեջները 11-րդ հարկի թիվ 59 բնակարանում առաջացած կրակը մարելու համար կոտրել են դուռը, ապա ներսում աշխատանքներ կատարել ու մարել կրակը։Խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբանը և Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածները ավելի են։Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 28-ամյա տղամարդ է, ով ըստ հավաքվածների՝ այդ թվում հարևանների, տրանսգենդեր է։

Նախաքննության շահերից ելնելով՝ սպանվածի ինքնությունը չենք հայտնում։ Նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանն ու դին այրել են։

Կիսվել էջում