Մամուլ

Ապրիլյանին Հրայր Թովմասյանն իր մեքենան նվիրել էր Արցախի բանակին

Ապրիլյանին Հրայր Թովմասյանն իր մեքենան նվիրել էր Արցախի բանակին։ «Հրապարակը» գրում է․ Նախկին ամենահարուստ պաշտոնյաներն այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին են։ Անուններ չտամ, բոլորդ էլ գիտեք։ Հիմա ինձ խնդրում եմ հավատացրեք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է նախկին օլիգարխների դեմ։

Փորձեք համոզել, որ նախկինը վատն է հեղափոխության համար։ Եթե վատն է, ինչու՞ հեղափոխության առաջնորդը նրանցից շատերի  հետ է, որոնց անգթորեն քննադատում էր։ Կարծում եմ նույն ձևով մտածում են բոլորը։ Աչք ունեն, տեսնում են, ականջ ունեն, լսում են։

Կառավարությունը փոխվեց, նորերը եկան։ Ազգային ժողովը փոխվեց, նորերը եկան։ Լավն են, թե վատը, տեսնում ենք։ Կադրային քաղաքականությունն էլ ենք տեսնում։

Եթե կառավարությունն ու Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետն ու թաղապետերն էլ հետը, մարզպետներին էլ չմոռանանք,  փոխվելուց թեկուզ շատ քիչ, դրական առումով, փոփոխություն լիներ, կողջունեինք նաև Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխությունը։ Բայց քանի որ մեր աչքի առաջ են մնացած կադրերը, մնում է հարցնել՝ այդ փոփոխություններն ինչի՞ համար են, որ բան չեն փոխվում։ Ինչ որ մարդկանց փոխարինելով նորերով, ի՞նչն է փոխվում։ Սա կարուսելային, ոչինչ չտվող խաղ է հիշեցնում։

Ապրիլյան քառօրյայի ժամանակ Հրայր Թովմասյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար էր։ Մինչև հիմա չեմ մոռացել, որ երբ Ազգային ժողովում գումար էին հավաքում Բանակի համար, Հրայր Թովմասյանն իրենց ընտանիքին պատկանող մեքենան նվիրեց ԼՂՀ Բանակին։ Սա հիշեցնում եմ նրա համար, որ իմանաք՝ վտանգի պահին բոլորս մի ընտանիք ենք դառնում ու ընտանիքի անդամների  անհատական հատկանիշները շատ լավ երևում են։ Ախր լավն էլ հիշենք, ով ուզում է լինի, միայն վատը թմբկահարելով կյանքը դառնում է գորշ ու անտանելի։

Հեռացող թիմի ցանկացած պաշտոնյայի  նորը կարող է «գործ կպցնել», բայց լավ ղեկավարը նա է, որ լավի վրա հենվելով է շենքը կառուցում։ Կատարելության արվեստը մոխրից կայծ հանելն է,  լավին ձգտելն ու գտնելն է․․․

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով