Անչափահասների համար սոցիալական ցանցերի հասանելիությունը կսահմանափակվի
Ֆրանսիայի խորհրդարանը պատրաստվում է վերջնականապես ընդունել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի հասանելիությունն արգելող օրենքը։ Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։
Նախօրեին խորհրդարանական հանձնաժողովը համաձայնեցրել էր օրինագծի վերջնական տարբերակը՝ ճանապարհ հարթելով դրա շուրջ վերջնական քվեարկության համար։
Եթե օրենքն ընդունվի, ապա Ֆրանսիան կդառնա Եվրոպական միության առաջին երկիրը, որը պետական մակարդակով կսահմանի նման սահմանափակում։
Օրենքը նախատեսվում է ուժի մեջ մտցնել սեպտեմբերի 1-ից։
Միաժամանակ, արդեն գոյություն ունեցող այն օգտահաշիվները, որոնք պատկանում են սահմանված տարիքային շեմից ցածր անձանց, պետք է արգելափակվեն մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։


