Ազատ խոսքՄամուլ

Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.

Պարոն Քոչարյան, Դուք արդեն ՀՀ ազգային ժողովի պատգամավոր եք և ՀՀ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն պարտավոր եք պատասխանել քաղաքացիների առաջարկներին։

Առաջարկներս կձևակերպեմ հարցերով, որոնց պարտավոր եք պատասխանել։ Հիշո՞ւմ եք 1999 նոյեմբերի վերջին Դուք և տիկին Բելլան ընտանիքիս ցավակցություն հայտնելու նպատակով եկաք մեր տուն և նախապես որոշված կես ժամի փոխարեն մնացիք մեկ ժամից ավելի։

Դուք խոսեցինք ահաբեկչության կազմակերպիչներին ամեն գնով բացահայտելու անհրաժեշտության մասին, և երբ ես ասացի, որ եթե չբացահայտեք՝ ժողովուրդը Ձեզ է կասկածելու։ Դուք ասացիք՝ ԳԻՏԵՄ։ Նշանակում է գիտեք, որ ժողովուրդը 22 տարի ապրում է Ձեր նկատմամբ այդ կասկածով։

Անցել է 22 տարի և ահաբեկչության կազմակերպիչները չեն բացահայտվել ո՛չ Ձեր, ո՛չ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Իսկ դրանք կա՛ն, քանի որ, մասնավորապես, դատարանն այդպես էլ չբացահայտեց Արմենակ Արմենակյանի սպանությունն այն դեպքում, երբ հենց դատարանում դատախազ Հակոբ Մարտիրոսյանն ապացուցեց, որ Արմենակյանին չէին կարող սպանել ահաբեկչության ձերբակալված, ապա դատապարտված մասնակիցները, քանի որ նրանք այդ պահին ԱԺ դահլիճում էին։ Ո՞վ ԱԺ նիստերի դահլիճի միջանցքում սպանեց Արմենակյանին, 22 տարի է այս հարցը կախված է մեր արդարադատություն գլխին։

Մեր վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2000թ․ մայիսի 10-ին, երբ 2 ամիս դիմելուց հետո, վերջապես ընդունեցիք մեզ՝ զոհվածների կանանց, որովհետև մենք չափազանց մտահոգված էինք նախաքննության ընթացքից։

Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան

Հատկապես, երբ փետրվարին Գագիկ Ջհանգիրյանն ինձ հրավիրեց զինդատախազություն և ասաց, որ իր ձեռքերը կապում են և չեն թողնում գործել։ Այս մասին երբ ես ասացի այդ հանդիպման ժամանակ, Դուք անմիջապես հեռախոսը վերցրեցիք և կանչեցիք Ջհանգիրյանին, որը պարզապես ստեց, ասելով, որ նման բան ինքը չի ասել։ Նաև ասաց, որ ինքն այդ վտանգի մասին 12 օր առաջ զգուշացրել է Վազգեն Սարգսյանին։

Դժվար չէ հետևություն անել, որ, եթե Ջհանգիրյանը տեղյակ էր ահաբեկչության վտանգի մասին, Դուք, որպես նախագահ և Սերժ Սարգսյանը, որպես ազգային անվտանգության նախարար, նույնպես պիտի տեղյակ լինեիք, սակայն կանխելու համար մատը մատին չտվեցիք։

ԻՆՉՈ՞Ւ: Դուք էիք Երկրի անվտանգության թիվ 1 պատասխանատուն, Ձեր օրոք գլխատվեց մեր պետությունն ու պետականությունը, որի հետևանքն այսօրվա իրականությունն է և Դուք ոչինչ չարեցիք, ընդհակառակը՝ ամեն ինչ արեցիք դատավարությունը շեղելու համար, կարևոր վկաները վերացվեցին, դատարանում չհարցաքննվեցիք։ ԻՆՉՈ՞Ւ:

Հարցերս․

• Եթե գիտեիք, որ չբացահայտելով հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին դուք կհաստատեք Ձեր նկատմամբ ժողովրդի մեջ եղած կասկածը, ինչո՞ւ չպահանջեցիք արդար նախաքննություն և դատավարություն։

• ԻՆՉՈ՞Ւ 2004-ի նոյեմբերի 11-ին կայացվեց կազմակերպիչների մասով «մայր» գործից անջատված մասը կարճելու որոշումն ու այդպես էլ ուզեցիք թաղել ամեն ինչ։

• Որպես պատգամավոր պատրաստվո՞ւմ եք հետևել այս գործի վերաբացման ընթացքին։

Կիսվել նյութով