ՄամուլՏեսանյութ

Այս ուժերը պետք է հասկանան մի բան. իրենք որևիցե շանս չունեն. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Այս ուժերը պետք է հասկանան մի բան. իրենք որևիցե շանս չունեն. Դավիթ Սանասարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը:

– Ինչ-որ պահի կարո՞ղ են Ձեր լիազորությունները վերականգնել:

– Այո՛, ես շարունակում եմ մնալ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար, ուղղակի հարուցված քրեական գործով, քննիչի որոշումով կասեցվել են իմ լիազորությունները:

– Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործին դեռ կանդրադառնանք, խոսենք այս օրերին տեղի ունեցող թեժ իրադարձություններից: Կարելի՞ է սա հետհեղափոխական պրոցես համարել:

– Բնականաբար, անկախ ամեն ինչից, սա հետհեղափոխական պրոցես է ժամանակագրական առումով, իսկ բովանդակային առումով էլ պարզ էր, որ պետք է ռևանշի գնային այն ուժերը, որոնք երկար տարիներ մեծ ռեսուրսների էին տիրապետել, պետական հնարավորությունները, ռեսուրսներն ու պետական հեղինակությունն օգտագործել էին անձնական շահերի համար, և ՀՀ ժողովուրդը երկու տարի առաջ ոչ բռնի գործողությունների արդյունքում շատ կազմակերպված ասաց՝ այլևս դուք չեք լինելու, ու այս մարդիկ դրա հետ համաձայն չեն:

Ես մի քանի օր առաջ այս մարդկանց դավադրության մասին ուղերձ հղեցի, թե ինչ են անում նրանք, և ինչ պետք է անենք մենք, ու հստակ ասացի, որ թույլ չպետք է տանք, որ իրենց նորացված դեմքերով, իրենց քարոզիչներով ձեզ մոլորեցնեն գառան մորթով այս շակալները, ձեր նկատմամբ բնական դժգոհությունների վրա խաղան և փորձեն իշխանությունը հետ վերցնել:

– Իսկ ինչո՞ւ այս փուլում, ինչո՞ւ հիմա:

– Քանի որ կորոնավիրուսի համաճարակի այս պայմաններում, երբ արտառոց իրավիճակ է, ինչքան էլ իշխանությունը ճիշտ քայլեր անի, կան քայլեր, որոնք քննադատվում են, ես՝ ինքս, քննադատում եմ որոշ գործողությունների համար, բայց շատ զուսպ, որովհետև հասկանում եմ, թե ինչ իրավիճակ է:

Ինչքան էլ իշխանությունները շատ անեն ճիշտ քայլեր, բնականաբար մարդկանց դժգոհություններն ավելանալու են, որովհետև այս իրավիճակում մարդկանց հնարավորությունները սահմանափակվել են և այլն:

Իսկ վիրուսը չի նայում, թե մարդը որ ուժից է, որ գործչի ծանոթ-բարեկամն է, և այս վիրուսի դեմ պայքարում չեն ասում՝ այս մարդը նախկիններից է, նրա համար ոչ մի բան չպետք է անել, իսկ իրենք փոխանակ ձեռք բռնեին և աջակցեին, սաբոտաժ են անում:

Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում

Share