Մամուլ

Այսօր Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է

Այսօր Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է

Մարտի 16-ը Հաց բերողի՝ Արցախյան ազատամարտի մասնակից, Էրեբունու ոստիկանական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է:

Այդ առիթով «Սասնա Ծռերի» հաղորդագրություն է տարածել, որի համաձայն համաձայն՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, իրենք որևէ միջոցառում չեն կազմակերպում։

«Համաճարակային վիճակն անցնելուց հետո պատշաճ միջոցառմամբ կհարգենք մեր սիրելի ու անմոռանալի Հաց բերողի հիշատակը»,- ասված է հայտարության մեջ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»։

2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվել էր, և նրան՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու պահելու ու փոխադրելու մեղադրանք էր առաջադրվել:

Ապա մեղարանքը վերաորակավորվել էր, նա մեղադրվել էր զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանն ազատվել էր կալանքից, սակայն 2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվել՝ փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով։

Երկրորդ ձերբակալության ժամանակ Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նրա փաստաբանների կարծիքով՝ դարձել մահվան պառճառը:

Կիսվել նյութով