Մամուլ

«Այո, երեկ ես եղել եմ Պոլիգոն կոչվող թաղամասում». ԱԺ պատգամավորն իրեն առնչվող սկանդալային լուրերին

«Այո, երեկ ես եղել եմ Պոլիգոն կոչվող թաղամասում». ԱԺ պատգամավորն իրեն առնչվող սկանդալային լուրերին

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Mediaport անունը կրող «լրատվականը», ինչպես նաև որոշ այլ լրատվական կայքեր, չնայած դրանց լրատվական կայք անվանելը, մեղմ ասած, սխալ է, հղում տալով վերը նշած «լրատվականին» գրել են, որ իբր երեկ իմ և գյումրեցիների միջև ինչ-որ միջադեպ է եղել, որը լկտի սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Այո, երեկ ես եղել եմ Պոլիգոն կոչվող թաղամասում գտնվող շինանյութի խանութներից մեկում, որտեղից դուրս գալուց հանդիպել եմ ինձ ծանոթ մարդկանց մի խմբի, որոնց ջերմ բարևել եմ և շարունակել ենք մեր ջերմ զրույցը:

Ասեմ ավելին՝ ծանոթներս ինձանից պահանջում էին, որ մեր քաղաքական թիմը կոշտ վերաբերմունք ցուցաբերի նախկին թալանչիների նկատմամբ ու վերջ տա թավիշին, ինչը ես խոստացա նրանց: 

karen sarukhanyan

Ահա ամբողջ եղելությունը: 

Խորհուրդ կտամ, որոշ լրատվական կայքեր կոչեցյալներին, որ չփորձեն այսուհետ ստահոդ լուրեր տարածել իմ անվան հետ կապված և պղտոր ջրում ձուկ չփորձել որսալ՝ հակառակ դեպքում կհանդիպենք դատարանում: 

Վերջում նշեմ նաև, որ գյումրեցին իմաստուն է և գիտի ում հետ ոնց է խոսում ու որ գյումրեցին, անկախ ամեն ինչից, այսօր կանգնած է մեր քաղաքական թիմի կողքին»:

Հիշեցնենք, որ Mediaport-ի տեղեկություններով՝ երեկ կեսօրին միջադեպ է եղել Գյումրիի Պոլիգոն թաղամասում: «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը դուրս գալիս է եղել շինանյութի խանութից, երբ թաղի տղամարդիկ նկատելով պատգամավորին, սկսել են հայհոյանքեր տեղալ նրա հասցեին:

Սարուխանյանը փորձել է հակադարձել, ի պատասխան սկսել են Նիկոլ Փաշինյանին հայհոյել, որից հետո «իմքայլականը» նստել է մեքենան ու փախել: «Սիկտիրդ քաշի, էլ մեր թաղերում չերևաս»,- ճողոպրող պատգամավորի հետևից բղավել են թաղի տղամարդիկ:

Կիսվել նյութով