Մամուլ

«Այն մեքենան, որը սպասարկում էր վարչապետին, հին, շարքից դուրս ավտոմեքենա էր». Էդուարդ Աղաջանյան

«Այն մեքենան, որը սպասարկում էր վարչապետին, հին, շարքից դուրս ավտոմեքենա էր»: Տեղեկություններ կային, որ վարչապետը նոր մեքենա է գնել 540 հազար դոլարանոց: Լրագրողներն այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հարցրեցին, թե քանի՞ նոր զրահապատ մեքենա է գնվել:

Աղաջանյանն ասաց, որ վստահ չի, որ այդ տեղեկությունը պետք է հրապարակի, իրավաբանների հետ կխորհրդակցի: Մեր հարցին՝ երբ բյուջեի հաշվին բան է գնվում, թափանցիկ գործելաոճ որդեգրած կառավարությունն ինչո՞ւ է գաղտնի պահում՝ Աղաջանյանը պատասխանեց.

«Նախ, գործող օրենք կա, որը վերաբերում է ընթացիկ ներկայացուցչական ծախսերին, որը գաղտնի է, կարելի է քննարկել այդ օրենքի փոփոխման հարցը: Պետք է արձանագրել, որ դրան զուգահեռ կան անվտանգության նորմեր, որոնք այդ օրենքի շրջանակներում պահպանվում է, դա կարեւոր բաղադրիչն է այդ օրենքի»:

Հարցին՝ մտահոգություն չունե՞ք, որ այս ճոխ գնումները հանրության մոտ տրամադրություն են ստեղծում, քանի դեռ դուք եք իշխանության, օգտվում եք դրանից՝ Աղաջանյանը պատասխանեց.

«Պետք է արձանագրել, որ այն մեքենան, որը սպասարկում էր վարչապետին, բավականին, մեղմ ասած հին, շարքից դուրս ավտոմեքենա էր, որը դեռեւս 5 եւ ավել տարի առաջ պետք է ուղղակի դուրս գրվեր, նաեւ լուրջ անվտանգության խնդիրներ առաջացնող մեքենա էր»:

Կիսվել նյութով