Մամուլ

Ամուսնանալ սեղմ ժամկետում. ՀՔԾ-ի միակ կին քննիչն ստացել է հստակ «հանձնարարական»

ՀՀ հատուկ քննչական ծառայության պատմության մեջ առաջին և միակ կին քննիչն ՝ Արուսյակ Ալեքսանյանն, աշխատանքի վայրում իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում»: Հաշվի առնելով ՀՔԾ-ում աշխատանքի ծանրաբեռնվածությունը` Ալեքսանյանին հաճախակի են հարցնում, թե ինչպես է համատեղում անձնական կյանքը և քննիչի աշխատանքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՔԾ-ի ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը նշեց, որ այդ խնդիրը բոլորն ունեն` անկախ սեռից:

Ալեքսանյանը պատմում է, որ վերջերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իրեն տվել է հստակ հանձնարարական. «Ամուսնանալ սեղմ ժամկետում»: «Իհարկե, կանանց համար ավելի բարդ է համատեղել անձնական կյանքը և քննիչի աշխատանքը: Հաճախակի տրվող հարցերից է նաև, թե ինչն է կնոջ համար կարևոր՝ ընտանի՞քը, թե՞ աշխատանքը: Այս հարցում ունեմ հստակ դիրքորոշում: Սրանք այն երկու արժեքներն են, որոնք երբեք չպետք է հակադրվեն միմյանց:

Կարծում եմ՝ մարդը, անկախ տղամարդ կամ կին լինելու հանգամանքից, իրեն լիարժեք կարող է զգալ այն ժամանակ, երբ զբաղվում է իր սիրելի աշխատանքով և այն ավարտելուց հետո տանը սպասող ունի: Համոզված եմ, որ հենց սա է ներդաշնակության, երջանկության բանաձևը»,- պատմում է քննիչը՝ շեշտելով, որ բարդ ճանապարհով և քրտնաջան աշխատանքով հասել է իր նպատակին, ուստի չի կարող հրաժարվել այդ ամենից՝ ավելի հեշտ ուղի ընտրելով:

«Ինձ համար, նախևառաջ, մեծ հպարտություն է քննիչ լինելը: Ես ինձ համարում եմ հաջողակ, քանի որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պատմության մեջ հենց ես եմ գեղեցիկ սեռի այն առաջին ներկայացուցիչը, ով պատիվ ունի ծառայելու այս կառույցում»,- շեշտեց Ալեքսանյանը՝ գոհունակություն հայտնելով, որ ունի ցանկացած դժվարին իրավիճակում քննիչի կողքին ամուր կանգնած ղեկավար անձնակազմ, որն ամենակարևոր հենասյուներից է անխափան և համարձակ նախաքննություն իրականացնելու համար»:

«Երբեմն քննիչն ասոցացվում է բացասական կերպարի հետ, ինչի հետ, իհարկե, ես համաձայն չեմ։ Քննիչը, առաջին հերթին, պետք է լինի խիզախ, այն քննիչը, ով վախեցավ քրեական գործից և թաքնվեց քրեական գործի «հետևում», նա չի համապատասխանի արհեստավարժ քննիչի չափորոշիչներին: Քննիչը պետք է օժտված լինի մարդկային բարձր արժանիքներով, օբյեկտիվ իրականության բացահայտմանը, արդարության հաստատման խթանմանն ուղղված վճռական կամքով»,- շեշտեց Ալեքսանյանը:

Նա չի սիրում խոսել իր վարույթում գտնվող քրեական գործերից և այդ հանգամանքով պայմանավորված՝ երբեմն նույնիսկ ընտանիքի անդամներն են նեղանում, որ ոչինչ չի պատմում: Քննիչի կարծիքով` շատ աշխատելը և քիչ խոսելը քննիչի արհեստավարժության հիմնական նախապայմաններից են։

«Ինչ վերաբերում է բարդ քրեական գործերին, ապա ես չէի ցանկանա որևէ մի գործ առանձնացնել, քանի որ յուրաքանչյուր քրեական գործ յուրովի է բարդ և պահանջում է առանձնակի ջանասիրություն, ինձ համար չկա «հեշտ», պարզ քրեական գործ: Բազմաթիվ անգամ քննել եմ և կոռուպցիայի, և խոշտանգումների վերաբերյալ քրեական գործեր»,- հավելեց քննիչը, ով 2014 թվականից աշխատում է համակարգում, ի սկզբանե լինելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում որպես քննիչ, ապա 3 տարի աշխատել է Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում, իսկ 2018 թվականից արդեն՝ ՀՔԾ-ում:

Այն հանգամանքը, որ Ալեքսանյանը ՀՔԾ առաջին և միակ կին քննիչն է, կամա թե ակամա, առաջացրել է բազմաթիվ զավեշտալի դեպքեր: «Կարող եմ նշել մեկը, որը գրեթե ամեն օր է պատահում. օրինակ` ինձ ուղղված գրություններում հաճախակի դիմում են՝ «Հարգելի պարոն Ալեքսանյան», իսկ քաղաքացիները մշտապես հարցնում են՝«Կներեք, Ձեզ ինչպես դիմենք՝ տիկի՞ն, թե՞ օրիորդ», իսկ ես շատ համբերատար պատասխանում եմ, որ պաշտոնական դիմելաձևը տիկինն է, և բնավ կապ չունի անձի ընտանեկան դրությունը»:

Քննիչն իր ապագան այլ ոլորտում չի տեսնում, նա իրեն այստեղ զգում է ինչպես «ձուկը ջրում»: Նրանց, ովքեր ցանկանում են քննիչ դառնալ, Ալեքսանյանը մաղթում է գիտակցաբար մոտենալ այդ որոշմանը, հասկանալ, որ բարդ և ծանր ուղի են ընտրել, և այդ ուղին անցնելիս պարտավոր են միշտ բարձր պահել քննիչի մասնագիտական պատիվն ու արժանապատվությունը, քանի որ այդ արժեքները վերաբերելի են ոչ միայն իրենց, այլ մի ամբողջ համակարգի, վերաբերելի են մեր պետությանը, մեր հայրենիքին:

«Կառանձնացնեմ քննիչի հետևյալ արժանիքները՝ խիզախություն, վճռականություն, ազնվություն, պահանջկոտություն ինքդ քո հանդեպ և պատասխանատվության զգացում»,- եզրափակեց Ալեքսանյանը:

Աղբյուր՝ armenpress.am

Կիսվել նյութով