Ժամանց

Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի

Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի

Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Նորաձևության համաշխարհային տներն առաջարկում են Առնետի տարին դիմավորել սառը երանգներով։ Դիզայներ, ոճաբան Ֆաինա Հարությունյանը ևս խորհուրդ է տալիս Ամանորի look-ի համար ընտրել սառը մոխրագույն, կաթնագույն, սև կամ սպիտակ երանգները։

Գունային այս համատեքստում արված համադրությունը, ըստ Ֆաինայի, կարելի է լրացնել մետալիկ երանգներով կամ մարգարտե աքսեսուարներով։

Tert.am Life-ի հետ զրույցում դիզայներն առանձնացրել է տոնական երեք կերպար՝ ըստ այն վայրի, որտեղ նշելու եք Ամանորը։  

«Նախ պետք է  հասկանանք, թե որտեղ, ում հետ և ինչ միջավայրում ենք դիմավորելու Նոր տարին: Օրինակ, եթե տանն ենք լինելու, հարմարավետությունն է կարևոր․ նշված երանգների մեջ ընտրեք տաքուկ բլուզ և համադրեք ջինսի հետ։ Տոնական տեսքի համար կարող եք ինչ-որ հետաքրքիր շեշտադրում անել։

Եթե ակումբային երեկույթի եք գնալու կամ փաբում եք լինելու, ընտրեք հարմարավետ, սեքսուալ, կարճ զգեստ, որը կլինի փայլերով։ 

Ֆաինա Հարությունյան

Եթե երեկոն ռեստորանային է լինելու, էլեգանտությունն է կարևոր, խորհուրդ կտամ երկար զգեստ կրել,-ասաց Ֆաինան ու հավելեց,- Այս տարի ոսկեգույն փայլին պետք է փոխարինեն արծաթագույնը, մետալիկ երանգները։ Իմ նոր հավաքածուում ես էլ եմ այդպես արել։  Սևի, արծաթագույնի համադրությունը, մարգարիտները, փայլը ևս նորաոճ տեսք կհաղորդեն կերպարին»։

Համեմատելով նախորդ տարվա միտումների հետ՝ ոճաբանն ասաց․ «Նախորդ տարվա հետ համեմատած՝ բավականին շատ փոփոխություններ են եղել։ Եթե անցած տարիներին մենք խորհուրդ էինք տալիս կարմիր գույնը և ոսկեգույն փայլը, ապա այս տարի գույներն անհամեմատ մեղմացել են՝ օրինակ փափուկ մոխրագույնն է եկել նորաձևություն, որը շատ տեղին կլինի Ամանորի տոներին հագնելու համար։

Հիմնական փոփոխությունը, որը կարող ենք ասել մի քանի տարվա կտրվածքով է, ոսկեգույնի փոխարինումն է արծաթագույնով։  Իրականում հետաքրքիր է, սակայն այս տարի կտորի որակի, տեսակի հետ կապված սահմանափակումներ չկան և առավել ազատ է»։

Ֆաինա Հարությունյան

Ըստ Ֆաինայի՝ կտորի տեսանկյունից այս տարի սահմանափակում չկա, հիմնական կենտրոնացումը պետք է լինի ոճը։

Դիզայներ-ոճաբանի խոսքով՝ որքան էլ փորձենք հետևել նորաձևության միտումներին, առավել կարևոր է լավ տրամադրությունը։ Այս համատեքստում Ֆաինան փոքրիկ խորամանկություն առաջարկեց․

«Կա մի փոքրիկ էմոցիոնալ հնարք, որի միջոցով, կարծում եմ, աղջիկները կկարողանան պահել իրենց դրական տրամադրությունը։ Փորձենք այնպես անել, որ Ամանորի գիշերը ամբողջական կերպարի մեջ գոնե մի բան նոր լինի։

Իհարկե, այնպես չէ, որ ես պարտադրում եմ անպայման նոր իր գնել, ուղղակի իմ օրինակով եմ ասում, որ դա փոքրիկհոգեբանական հնարք է, որը բարձրացնում է մեր տրամադրությունը»։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով