Մամուլ

Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ ևս 300-400 մետր առաջ են եկել. գյուղապետ

Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ ևս 300-400 մետր առաջ են եկել. գյուղապետ

Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ն երեկ ևս մի քանի հարյուր մետր առաջ են եկել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ նշելով, որ մոտավոր հաշվարկով՝ հակառակորդը առաջացել է 300–ից 400 մետր։

«Ադրբեջանական կողմն այս անգամ առաջացել է Վարդենիսի սարատեղիի ձախ հատվածում։ Այդտեղ ո՛չ մենք էինք եղել, ո՛չ իրենք, ազատ գոտի էր այդ տարածքը, երեկ հասկացանք, որ իրենք իջել են մոտավոր հաշվարկով 300–ից 400 մետր։ Նրանք տրամադրված չեն հետ գնալու, բայց մեր կողմը ոնց պետք է՝ կանգնած է»,– ասաց նա։

Գյուղապետը հայտնեց, որ ամբողջ գիշեր սահմանին հակառակորդի ծանր տեխնիկան է աշխատել։

vardenis

«Լույսերը սփռել էին, երևում էր։ Ձյան հաստ շերտեր կան, թե դա են մաքրում, թե ճանապարհ են ուզում գցել, տեղյակ չեմ, բայց ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել»,– ասաց նա։

Գյուղապետի խոսքով՝ ադրբեջանցիները հենց այն հատվածում են հաստատվել, որի մի մասը տեղացիներն օգտագործում են որպես արոտավայր, իսկ մյուս հատվածում նրանց ոռոգման ջրերն են կուտակվում։

«Հիմա ոչ բոլորն են բարձրացել սար, անվտանգությունից ելնելով էլ, անասուններին արածացնում են  Շորժայի տարածքում։ Վարդենիսի սարատեղիի ձախ հատվածում էլ, որտեղ երեկ են առաջ եկել, ոռոգման բասեյիններ կան։ Ամեն դեպքում մեր ԶՈՒ-ն ամեն ինչի պատրաստ են, այնպես չի, որ նրանք ուզենան ինչ–որ բան անել, ու մենք նեղվենք»,– ասաց նա։

Կիսվել նյութով