Մամուլ

Ադրբեջանի հոգևոր առաջնորդն արձագանքել է Գարեգին Բ-ին

Ադրբեջանի հոգևոր առաջնորդն արձագանքել է Գարեգին Բ-ին

Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն արձագանքել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի երեկվա հայտարարությանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նշել է, որ Հայոց Կաթողիկոսն արել է «հոգևորականի համար անընդունելի» հայտարարություններ:

«Կրոնական անձինք պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն. կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է: Մենք հայ եկեղեցուն բարեկամության կոչ ենք անում», – ասել է Փաշազադեն։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս կհակազդի Եկեղեցին, եթե իշխանությունը որոշի գնալ խաղաղության պայմանագրի կնքման, որով Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխանել էր.

«Մենք ներկայացրել ենք մեր վերաբերմունքը Արցախի հիմնախնդրի ու կարգավիճակի վերաբերյալ։ Կարծում եմ մեր ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու գաղափարի հետ։

Խաղաղության պայմանագրի հոդվածներին, կետերին մենք ծանոթ չենք և այդ առնչությամբ կարծիք չենք կարող հայտնել:

Բայց մեզ համար կասկածից վեր է, որ մեր ժողովուրդը ի գին ամեն զոհողության պաշտպանելու է Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը»։

Կիսվել նյութով