ՄամուլԱզատ խոսք

Նրանք մտադիր են Հայաստանը մշտական վախի մեջ պահել, քանի որ այս իշխանության վախը բռնել են․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը գրել է․

«Փաշինյանի խաղաղության ձգտումը բախվում է Ալիևի «ռևանշիզմի բացառման» քաղաքականությանը։ Ալիևն անընդհատ խոսում է ռևանշիզմից։ Ինչի՞ց է նա վախենում։ Նա վախենում է ցանկացած իրավիճակից, որտեղ Հայաստանը ծնկի եկած չէ։ Հետևաբար, չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է։

Միամտության, անփորձության պատճառով կամ այլ հանգամանքներից ելնելով Հայաստանի իշխանությունների առաջ քաշած բոլոր թեզերը, թե կա բանաձև, որ այսօր Արցախից, վաղը միգուցեև Հայաստանի որոշ տարածքից հրաժարումը երկրին կերաշխավորի կայունություն ու զարգացում, պատրանք են։

Ադրբեջանը հիմա ձգտում է ստանալ մի բանաձև, որտեղ կլինի հնարավորինս թույլ, երկարաժամկետ կտրվածքում զարգացման որևէ հեռանկար չունեցող Հայաստան։

Դրա համար նրանք պոկելու են ամեն հնարավորը և նույնիսկ ավելին։ Եթե անգամ Ալիևի բոլոր՝ մեզ համար ամենաանընդունելի պահանջները բավարարվեն, ընթացքում նորերն են ծնվելու։ Նա փորձելու է ստանալ այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստան պետությունը միշտ լինի նվաստացած, այլոց, այդ թվում՝ իր կամքից կախված, առանց բանակի և տնտեսության, առանց ներդրումների ու բարեկամների։

Ալիևը քաջ գիտակցում է, որ Հայաստանի հաջորդ որևէ իշխանություն դնելու է հայ ժողովրդի իրավունքների հարցը։ Ցանկացած հաջորդ իշխանություն կարող է ունենալ բանակցելու, սեղանին հարց դնելու և այդ հարցի շուրջ խաղացող ուժերի հետ համաձայնության գալու ավելի լավ հմտություններ։

Ի վերջո, Ալիևը՝ ի տարբերություն մեր այսօրվա իշխանությունների, գիտի, որ հնարավոր է ավելի լավ բանակցել, հնարավոր է սեղանին դնել դիվանագիտորեն ընդունելի առաջարկներ, որ Հայաստանի այօրվա իրավիճակը ո՛չ ճակատագրի, ո՛չ էլ հանգամանքների խնդիր չէ, այլ օրվա բանակցողի խնդիրն է։ Հետևաբար, նա այսօր Հայաստանի իշխանություններից պոկելու է այնքան բան, որ հաջորդ իշխանության դիրքերը հնարավորինս թույլ լինեն։

Հիմա արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Արցախից հրաժարվելու, նույնիսկ Արարատից, հայոց պատմությունից հրաժարվելու դիմաց Ալիևը ոչինչ չի ստորագրելու։ Այլապես մինչ այսօր ստորագրած կլիներ։ Նա կորզելու է շոշափելի զիջումներ Հայաստանի տարածքների, միջանցքի տեսքով, մեզ համար անընդունելի, նվաստացուցիչ այնպիսի դրսևորումներով, որ որևէ շրջադարձի դեպքում Հայաստանում որևէ իշխանություն, թույլ ու ստորացված լինելով, արդեն փորձի ստանալ այն նվազագույնը, ինչն անգամ միջազգային քարտեզներով մեզ է պատկանել ի սկզբանե։

Ալիևը փորձելու է հասնել նրան, որ հետագա բանակցությունները լինեն միջազգային բոլոր իրավական նորմերով մերը հետ ստանալու շուրջ, իսկ Արցախի ժողովրդի իրավունքն այլևս անգամ օրակարգում պատկերացնելը զավեշտալի լինի։

Այս սցենարից խուսափելու ճանապարհը բոլոր պահանջներին համաձայնելը չէ։ Որքան շատ տանք, այնքան շատ են ուզելու, որովհետև նրանք մտադիր չեն խաղաղություն երաշխավորել։ Նրանք մտադիր են Հայաստանը մշտական վախի մեջ պահել, քանի որ այս իշխանության վախը բռնել են։ Սրանից խուսափելու ճանապարհը սեղանին պահանջ դնելն է՝ Արցախի ժողովրդի վերադարձի արդարացի պահանջը։

Գոնե միայն այն պատճառով, որպեսզի բանակցության առարկա լինի։ Այլապես այսօր բանակցության միակ առարկան կարծես այս տարածաշրջանում հայ ժողովրդի ապրելու իրավունքը լինի։

«Ռևանշիզմի» չեզոքացումը թղթով չի լինում, սահմանադրության փոփոխությամբ չի լինում։ Այսպես կոչված ռևանշիզմը Ալիևի համար նույնպես այդքան սարսափելի չի թվա, եթե հաստատվող խաղաղությունը արդարության նվազագույն հիմքեր ունենա, գոնե մասամբ ընդունելի լինի նաև հայ ժողովրդի համար։ Այլապես Ալիևը միշտ վախենալու է անարդարության հետևանքով հայ ժողովրդի տարիներով կուտակված ցասումից, որ կարող է պոռթկալ ցանկացած հաջորդ իշխանության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության դեպքում։

Նվազագույն արդարությունը ենթադրում է արցախահայության վերադարձ իրենց տները միջազգային երաշխիքներով՝ թեկուզև այսօր առաջ քաշված խաղաղության տրամաբանության շրջանակում՝ ինքնորոշման հեռանկարով։

Տարածաշրջանային և միջազգային բոլոր խաղացողները կողմ են արցախահայության վերադարձին։ Բոլորին հետաքրքրում է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղության ստորագրումը գոնե նվազագույն կայունություն ունենա։ Սրանից կարելի է հետևություն անել, որ անպայման կլինեն երկրներ ու կազմակերպություններ, որոնք կնպաստեն այս հարցի շուրջ միջազգային երաշխիքների ձևավորմանը, նույնիսկ իրար հետ հակադրության մեջ գտնվող ուժերը»։

Կիսվեք էջում