Մամուլ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 8 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և հայտնվել դաշտում։

Opel-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 8 հոգի, որոնց մեջ կան երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Արտաշատի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոնների շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։ Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի գազի վթարավերականգնողականի ծառայողները։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն գումարտակի պարեկները և նրանց աչքից չի վրիպել, որ մի քաղաքացի վթարի վայրում փամփուշտներ հավաքելիս է եղել ու նա, տեսնելով պարեկներին, փամփուշտները թողել և դիմել է փախուստի։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվեք էջում