Մամուլ

Ի՞նչ դամբարան է հայտնաբերվել Օհանավանում

Ի՞նչ դամբարան է հայտնաբերվել Օհանավանում

Օրերս ԿԳՄՍՆ-ն հաղորդագրություն տարածեց Օհանավանում պատահաբար հայտնաբերված միջնադարյան ժայռափոր դամբարանի մասին։ Պեղումները նոր են մեկնարկելու, բայց Sputnik Արմենիայի թիմը հատուկ թույլտվությամբ այցելել է ժայռափոր դամբարանի վայր՝ նկարահանելու նոր բացահայտումը։

14 տարի շարունակ հավատով փորում էր Քասախի կիրճում գտնվող հողատարածքը։ Օհանավանցի այգեգործ Մարատ Հայրապետյանը շատ տարիներ առաջ երազ էր տեսել։ Ասում է՝ Տերը մատնանշել էր այս տարածքը (սեփականությամբ Մարատին պատկանող) ու պատվիրել փորել։

Այդպես տարիներ շարունակ հարևանների, ընկերների, որդիների օգնությամբ Մարատը փորման աշխատանքներ է արել այնտեղ, որտեղ թվում էր, թե քարերից բացի ոչինչ չկա։ Տարիների ընթացքում տարածքից գտել էր կավանոթներ, տարբեր իրեր, որոնք հուշում էին՝ սա դատարկ տեղ չէ։ Գրեթե 18,5 մետր փորել էին, մինչև ի վերջո, արդեն այս տարեսկզբին կառույցի մուտքին հասան։

ohanavan dambaran

«Միշտ էլ իմացել եմ, որ մի բան գտնվելու է, մի օր չեմ կասկածել։ Որ գտանք, մտածեցի՝ եկեղեցի է, խաչերն էլ որ տեսա, չէի կարծում, որ դամբարան է»,- պատմում է Մարատը։

Դրանից հետո Մարատը սկսում է որոնել պատասխանատու կառույցների, համապատասխան մարդկանց գտածի մասին պատմելու համար։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն անմիջապես արձագանքում են, գալիս, արձանագրում և դադարեցնում հողափորման աշխատանքները:

Կիսվեք էջում