Օգտակար

Երեխային ծեծելը դաստիարակությու՞ն, թե՞ հակադաստիարակություն․ պարզաբանում է հոգեբանը

Երեխային ծեծելը դաստիարակությու՞ն, թե՞ հակադաստիարակություն․ պարզաբանում է հոգեբանը

Երեխային ծեծելը դաստիարակությու՞ն, թե՞ հակադաստիարակություն։ Երեխայի դաստիարակությունը երկար ճանապարհ է, որը պահանջում է համբերություն, երեխայի հանդեպ հարգանք, կենսուրախություն, լավատեսություն և խելամիտ ակնկալիքներ ինքներս մեզնից և երեխայից:

Երբ երեխայի պահանջմունքի կամ ցանկության բավարարումը ծնողից պահանջում է ավելին, բախվում ենք հերթական գլուխկոտրուկին և դիմում մեծահասակի համար ամենակարճ ճանապարին`զայրույթին, որը կարող է ավարտվել ծեծով:

Հարկավոր է հիշատակել, որ գիտությանը արդեն իսկ հայտնի փաստ է, որ բռնության ենթարկված երեխաները առավել շատ դժվարությունների են առնչվում ողջ կյանքի ընթացքում, քան առավել հանգիստ և հարմոնիկ ընտանիքներում մեծացած հասակակիցները:

Այսքանը հասկանալով հանդերձ` ժամանակն է փոխել մեր վերաբերմունքը ծեծի հանդեպ: Ի՞նչ է ծեծը՝ մի ապտա՞կ, թե՞ մի լավ դաս մարմնի վրա: Կարծում եմ` երկու դեպքում էլ գործ ենք ունենալու արժանապատվությունը ոտնահարված երեխայի` մարդու հետ: Եվ անկախ նրանից՝ այդ ապտակը արդարացված է, թե ոչ, դրա վնասը ավելի խորքային և երկարատև է, քան կարմրած այտը:

Ինչպե՞ս կարող է մեծահասակը ստիպել երեխային լռել գոռալով, երբ իր լռելու ջանքերը ապարդյուն են, ինչպե՞ս սովորեցնել երեխային համբերել, երբ մեծահասակին չի հաջողվում զսպել ձեռքը բարձրացնելու իր ցանկությունը:

Նույնիսկ զավեշտալի է, երբ մարդիկ ապշահար հայացքով հարցնում են, թե ինչպե՞ս կարելի է կարգի հրավիրել երեխային, ով բացարձակ ենթակա չէ վերահսկման, ով չունի հարգանք մեծահասակի հանդեպ: Կարծես արդեն բոլոր տարբերակները փորձվել են: Բայց անելիքներ դեռ ունենք.

  • Սկսենք լսել և հասկանալ երեխային, այլ ոչ թե խոսելով նրա հետ՝ ինքներս մեզ ապացուցենք մեր իսկ ճշմարտացիությունը:
  • Ջանք գործադրենք հարցնել նրան, թե ինչու է տխուր, լսենք նրան ուշադրությամբ՝ կիսելով նրա անհանգստությունը:
  • Եկեք մի փոքր քաջալերվենք և պատմենք երեխաներին մեր մանկական դժվարությունների և չարաճճիությունների մասին՝ լինելով անկեղծ նրանց հետ: Անկեղծ մեծահասակի օրինակ լինելով՝ սովորեցնենք իրենց, թե ինչպես ճանապարհ գտնեն կյանքի ոլորաններում:
  • Փորձենք լինել կարեկցող, չէ՞ որ ինչ-որ ժամանակ մենք ենք եղել նույնքան ցածրահասակ և նույնքան սարսափած զայրացած մեծահասակներից:
  • Օգնենք նրան հասկանալ, որ ինքը կարևոր է մեր համար այնպիսին, ինչպիսին կա:
  • Ամեն մի դժվար իրավիճակից հետո խոսենք նրա հետ և ոչ քննադատաբար քննարկենք միջադեպի մեջ թաքնված դասը:
  • Եվ իհարկե, եթե ուզում ենք հարգված լինել երեխայի կողմից, պետք է նախևառաջ մենք հարգենք նրան իր առանձնահատկություններով և յուրահատկություններով:
  • Երեխայից ներողություն խնդրենք նրա հանդեպ մեր սխալների համար՝ լինի չնչին, թե ոչ: Այս ճանապարհով մենք կխոսենք երեխայի հետ հենց իր մասին և նա կզգա իր կարևորությունը, կունենա սեփական «Ես»-ի հստակ գիտակցում և կգնահատի այն շրջապատը, որում ապրում է:

Աղբյուր՝ impoqrik.am

Կիսվեք էջում