Ահա, թե որն է Հասմիկ Սարգսյանի 5 տարի ազատազրկման իրական պատճառը․ պարզաբանում է՝ Գարիկ Գալիկյանը

Դատավոր՝ Մանուշակ Պետրոսյանն այն նույն դատավորն է, ով մահվան դուռն հասցրեց Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերող Արթուրին»։ Նա հրաժարվեց առողջական խնդիրներ ունեցող Արթուրին անգամ գրավի դիմաց բաց թողնել։

Ֆեյսբուքյան օգտատերերի կողմից բուռն քննարկումը չի անտեսվել փաստաբան՝ Գարիկ Գալիկյանի կողմից, ով անդրադարձել է այս դեպքին․

«Այս ամենը գրում եմ՝ հաշվի առնելով ՖԲ-ում բուռն քննարկումները։

Սա հատված է դատավճռից։ Ամենևին թող տպավորություն չստեղծվի, թե ես ուրախ եմ, որ անձը դատապարտվել է, բայց ուղղակի խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ անձը ազատազրկման է դատապարտվել, ոչ թե կոնկրետ 10․000 հհ դրամ գողանալու համար, այլ բնակարան մուտք գործելով գողություն կատարելու համար և անձը ունի առանձնապես վտանգավոր ռեցեդիվ։ Տվյալ հոդվածի սանկցիան նախատեսում է ազատազրկում՝ 4 տարի ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից:

Հասմիկ Սարգսյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01․12․2015 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ` վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

Ամբաստանյալը սույն հանցագործությունը կատարել է 01.12.2015 թվականի դատավճռով սահմանված փորձաշրջանի ընթացքում, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի 7-րդ մասի համաձայն` պատիժը պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և պատիժ նշանակել նույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով:

Բացի այդ, Հասմիկ Սարգսյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2016 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և պատիժ է նշանակվել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 5 (հինգ) տարի ժամկետով:

Ամբաստանյալը սույն հանցագործությունը կատարել է 29.04.2016 թվականի դատավճռով սահմանված փորձաշրջանի ընթացքում, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի 7-րդ մասի համաձայն` պատիժը պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և պատիժ նշանակել նույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով:

Իհարկե ցավում եմ երեխաների համար, բայց հիմա ուզում եմ հասկանալ, ի՞նչ պետք է աներ դատարանը՝ տվյալ դեպքում»։

Տեղեկացնենք, որ 2014թ․-ին դատավոր Մանուշակ Պետրոսյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014» մրցանակի՝ «Արդարադատության կին պաշտպան» անվանակարգում:

 

 

Մեկնաբանել
Loading...