Մամուլ

Opel Astra-ի վարորդը վրաերթի է ենթարկել Պորտուգալիայի 38-ամյա հեծանվորդին, վերջինս հիվանդանոցում մահացել է

Opel Astra-ի վարորդը վրաերթի է ենթարկել Պորտուգալիայի 38-ամյա հեծանվորդին, վերջինս հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 59-ամյա Եղիշե Չիտկարովը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվով հանդիպակաց երթևեկող Պորտուգալիայի քաղաքացի՝ 38-ամյա Անա Տոլեդատե Տեիխեիռաին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» ԲԿ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի ծառայողները։ Վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջվել։

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ. Վարդանյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և հեծանիվը տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մինչ վթարի վայրում աշխատում էին պարեկներն ու քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Թումանյանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։

Կիսվել նյութով