Մամուլ

AstraZeneca-ի պիտանելիության ժամկետը լրանում է մայիսի վերջին

AstraZeneca-ի պիտանելիության ժամկետը լրանում է մայիսի վերջին

Hraparak.am-ը գրում է․ Վաղը Հայաստանի պոլիկլինիկաներում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Առաջնահերթ օգտագործվելու է AstraZeneca պատվաստանյութը։ Երեկ այս մասին ասուլիսում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Եվ այսպես, Հայաստանն օգտագործում է վակցինա, որին, ըստ սոցհարցումների, չի վստահում Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի բնակչության մեծամասնությունը։

Գերմանիայի կանցլեր Մերկելը հետաձգել է պատվաստման օրը, որն ապրիլի 11-ն էր։ Եվրոպական երկրներում արդեն նույնիսկ սոցհարցումներ են կազմակերպվել տրոմբոզ առաջացնող անգլոշվեդական վակցինայի վերաբերյալ։ Իսկ Հայաստանը ոչ միայն չի հրաժարվում դրանից, այլեւ կառավարական մակարդակով այն գովազդում է։

Առողջապահության նախարարը երեկվա ասուլիսում նախ մի լավ վախեցրեց բնակչությանը՝ ասելով․ «Եթե անձինք վարակվելու պարագայում հույս ունեն թեթեւ անցկացնելու կորոնավիրուսը, պետք է հասկանալ, որ այն բավականին լուրջ հիվանդություն է, առողջանալուց հետո ունենում է լուրջ հետեւանքներ։ Պատվաստումը պետք է օգնի, որ մենք այս համավարակի էջը փակված համարենք որոշ ժամանակ հետո»։

Ապա հայտնեց, որ, հաշվի առնելով AstraZeneca-ի օգտագործման արդյունքում ի հայտ եկած հետեւանքները, նախարարության մասնագիտական հանձնաժողովը որոշել է սահմանափակել դրանով պատվաստվողների տարիքը։ «Որոշեցինք, որ AstraZeneca-ով կպատվաստվեն 55 տարիքից բարձր քաղաքացիները»։ Այլ կերպ ասած՝ դե, մեծ են, ինչ լինում է, լինի։

astra zeneca

Այսպես, AstraZeneca-ն «կսաղացնեն» տատիկ-պապիկների վրա, բայց սա կառավարման առումով միակ բարդությունը չէ, որ առաջանում է։ AstraZeneca-ի պիտանելիության ժամկետը սահմանափակ է։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը հաստատեց մեր տեղեկությունը, որ այս պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մինչեւ մայիս ամիսը ներառյալ է։ 

Հայաստանը, ինչպես հայտնի է, AstraZeneca-ի խմբաքանակը՝ 24 հազար պատվաստանյութ, ձեռք է բերել մարտի 28-ին։ «AstraZeneca»-ի մեկ պատվաստանյութը Հայաստանը ձեռք է բերել 4 դոլարով։

Եթե մինչեւ մայիսի վերջը այս խմբաքանակը չօգտագործվի, ապա այն պարզապես ոչնչացվելու է։ Նկատի ունենալով «AstraZeneca»-ի շուրջ ձեւավորվող բացասական կարծիքը, հակաքարոզը, այն հանգամանքը, որ օրական նոր մահեր են ի հայտ գալիս, որոնց պատճառը եղել է վտանգավոր պատվաստանյութը, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի բնակչությունը զանգվածաբար հրաժարվելու է «AstraZeneca»-ից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով