Գրեթե ողջ օրը ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, սակայն տապալվել են
Գրեթե ողջ օրը ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, սակայն տապալվել են
Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով օրվա ամփոփումը։
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ նաև օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով, և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան։
Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող (ինչպես երեկ արդեն հայտնել էինք) Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները:
Այս ուղղությամբ կոնկրետ կան հստակ հաջողություններ, մասնավորապես` գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ տեղերում, որոշ բնակավայրերի հարակից անտառներում դեռ չեզոքացման աշխատանքները շարունակվում են:
Այսօր՝ նույն ժամանակ, հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում:
Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել դեպի էլ ավելի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ:
Ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է: Հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ: Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք մեր զինված ուժերը չեզոքացնում են:
Սա է իրերի իրական դրությունը: Ես մշտապես նշել եմ ու նշում եմ. մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, ծանր է: Շատ հաճախ լինում են իրավիճակներ, որ, ոմանց ընկալմամբ, տեղային փոքր տեղեկությունների հիման վրա, թվում են անելանելի:
Սակայն, այդպես չէ: Մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին և հակառակորդին տարբեր ուղղություններով, տարբեր հատվածներում, չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ, հասցնում են կործանարար հարվածներ: Մարտական գործողությունները շարունակվում են գիշեր թե ցերեկ»: