Հայաստանի միջուկային զենքը. Բաքվում իրարանցում է
Հայաստանի միջուկային զենքը. Բաքվում իրարանցում է
Lragir.am-ը գրում է․ Ապշերոնյան վարչակազմի ղեկավար Իլհամ Ալիեւը երեկ հետ է կանչել Սերբիայում ու Վրաստանում իր դեսպաններին, ԱԳՆ կոռուպցիոն սկանդալի շրջանակում: Սերբիայում Բաքվի դեսպանն ավելի վաղ ձերբակալվել էր կոռուպցիոն մեղադրանքով: ԱԳՆ կոռուպցիոն սկանդալը վերաբերվում է դիվանագիտական գործունեության համար հատկացված գումարների յուրացմանը:
Միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ կոռուպցիան միայն առիթ է, այլապես աշխատանքից կազատվեր ու քրեական հետապնդման կենթարկվեր ողջ վարչակազմը, այդ թվում Ալիեւների ընտանիքը, որի կոռուպցիոն գործունեությունը միջազգայնորեն «փաստաթղթավորված է»: Խնդիրն այստեղ Կասպիցից արեւմուտք այդ կազմավորման ներքին ու արտաքին վերադասավորումներն են, որի առաջին գծում հայտնվել է Արտաքին գործերի նախարարությունը:
Ալիեւը փոխում է քաղաքականությունը, ինչն արտահայտվել է նոր հայեցակարգում, ըստ որի՝ Ռուսաստանն այլեւս չի համարվում առաջնային գործընկեր, այլ միայն՝ հարեւան, որը չպետք է խնդիրներ ստեղծի Բաքվի համար: Բաքուն ներկայում լիովին «ինտեգրվում» է Թուրքիային, որը ռազմական ոլորտից բացի ընդգրկելու է նաեւ տնտեսական ոլորտը, Բաքվի պետական էներգետիկ սեկտորի մասնավորեցման ձեւով:
Թուրքիան արդեն հայտարարվել է Բաքվի հիմնական ռազմական գործընկեր, իր հերթին՝ Անկարան հստակեցրել է, որ փաստացի գոյություն ունի այլեւս մեկ բանակ: Թուրքիան վերցրել է Նախիջեւանը եւ այդպիսով հաստատում է իր ռազմական ներկայությունն Անդրկովկասում:
Այս գործընթացները լիովին փոխում են ոչ միայն առկա իրավիճակը, այլեւ ռուս-թուրքական հարյուրամյա պայմանավորվածությունները ստատուս-քվոյի վերաբերյալ: Տավուշի ռազմական գործողություններն այս գործընթացի յուրատեսակ «ճամփաբաժան» են, ինչի վկայությունն էր ռազմական գործողությունների համեմատաբար լոկալ բնույթի համեմատ միջազգային բավական լայն արձագանքը:
Այսպիսով, շրջանում առաջանում է նոր իրավիճակ, եւ Հայաստանը ռազմա-քաղաքական առումով բարձրանում է նոր մակարդակ՝ այլեւս ոչ թե Բաքվի, այլ Թուրքիայի: Թերեւս դրանով է պայմանավորված ՀՀ վարչապետի հայտարարությունը Թուրքիային զսպելու նոր ձեւաչափերի անհրաժեշտության մասին: Խոսքը թե քաղաքական, թե նաեւ ռազմական բաղադրիչի մասին է: