«Մինչեւ վերջին վայրկյանը չէի հավատում…». Արմինե Մանուկյանը` ԱՄՆ-ից վերադառնալու ու Ռաֆայել Երանոսյանի հետ հարաբերությունների մասին
«Մինչեւ վերջին վայրկյանը չէի հավատում…». Արմինե Մանուկյանը` ԱՄՆ-ից վերադառնալու ու Ռաֆայել Երանոսյանի հետ հարաբերությունների մասին
NEWS.am STYLE-ը գրում է․ Բալետի պարուհի Արմինե Մանուկյանը, որը հեռուստադիտողների շրջանում հայտնի է նաեւ «Կայարան» հեռուստասերիալում իր կերպարով ու «Միսս Արմենիա 2017» մրցույթին մասնակցությամբ, օրեր առաջ կարողացել է ԱՄՆ-ից վերադառնալ Հայաստան:
Պարուհու մեկամսյա շրջագայությունը համաճարակային անսպասելի շրջադարձի պատճառով ձգվել է եւս երկու ամսով: Նա այժմ հայրենիքում է եւ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, իսկ Միացյալ Նահանգներում իր արկածների մասին պատմել է NEWS.am STYLE-ին:
Պարուհու հետ զրուցել ենք նաեւ վերջին շրջանի ամենաքննարկվող լուրերից մեկի` իր եւ Ռաֆայել Երանոսյանի հնարավոր սիրավեպի մասին:
«Միացյալ Նահանգներ մեկնել էի փետրվարի 15-ին` 1 ամսով շրջագայելու նպատակով: Մեկնել էի Նյու Յորք, սակայն մի քանի քաղաքներում եղա` Վաշինգթոն, Ֆիլադելֆիա, Բալթիմոր… Նախապես վերցրել էի հետադարձ տոմսը, որը նախատեսված էր մարտի 17-ի համար, սակայն երբ թռիչքիս օրը գնացի Նյու Յորքի օդանավակայան, այնտեղ ասացին, որ չեմ կարող մեկնել, քանի որ սահմանները փակվել են:
Ես պետք է Կիեւով վերադառնայի, սակայն այդ օրվանից սկսած այնտեղ միայն Ուկրաինայի քաղաքացիներին էին տեղափոխում: Եթե թռիչքս լիներ մինչեւ կեսգիշեր, ես կկարողանայի վերադառնալ, սակայն այն 01:00-ին էր, եւ մեկ ժամվա տարբերության պատճառով ես 3 ու կես ամիս մնացի Միացյալ Նահանգներում»,-պատմում է Արմինեն` խոստովանելով, որ սկզբում շատ է սրտնեղել այդ փաստից.
«Երբ օդանավակայանում անձնագիրս վերադարձրին ու ասացին, որ չեմ կարող մեկնել, հասկացա, որ ամեն ինչ ավելի լուրջ էր, քան ես պատկերացնում էի:
Դե, ինչպես ցանկացած մարդ, որը ճամպրուկը ձեռքին մնում է օդանավակայանում, ես էլ ինձ շփոթված ու հուսահատված զգացի. չեմ կարող բառերով դա նկարագրել, որովհետեւ շատ էի կարոտել ընտանիքս ու հնարավորինս շուտ ուզում էի վերադառնալ հայրենիք ու տուն հասնել»:
Այնուամենայնիվ, դերասանուհի-պարուհին փորձել է չկենտրոնանալ բացասականի վրա ու իր ամերիկյան առօրյան դարձնել հիշարժան.
«Այնտեղ առօրյաս շատ հագեցած էր անցնում: Առաջին մեկ ամսվա ընթացքում հասցրել էի բավական լավ ժամանակ անցկացնել, հետաքրքիր վայրերում լինել, քանի որ գիտեի` այնտեղ օրերս հաշված են ու ուզում էի ամեն ինչ հասցնել, բայց մյուս ամիսները եւս շատ բուռն ու հագեցած անցան:
Երկրում արտակարգ դրությունը չէր խանգարում, որպեսզի լինեի այն վայրերում, որտեղ նախկինում չէի հասցրել լինել: Բավական լավ հանգստացա… Առհասարակ, ցանկացած իրավիճակում փորձում եմ գտնել լավ կողմեր: Ես առիթը բաց չթողեցի եւ փորձեցի վայելել ամեն վայրկյանը»:
Իսկ երբ արդեն վերադարձի օրը մոտ էր, անհանգստությունը շարունակել է ուղեկցել նրան.
«Շատ կարոտած էի. երբ վերջին անգամ գնացի օդանավակայան, մեջս վախ կար: Մտածում էի` միգուցե նույն պատմությունը կրկնվի… շատ անհանգիստ էի, մինչեւ վերջին վայրկյանը չէի հավատում, որ վերադառնում եմ: Երբ ինքնաթիռ նստեցի, միայն այդ ժամանակ հասկացա, որ ամեն բան լավ է»:
Այժմ դերասանուհին 14-օրյա մեկուսացման մեջ է, եւ պատրաստվում է ամենայն լրջությամբ կիրառել բոլոր ցուցումները.
«Ես շատ լրջորեն եմ մոտենում այս հարցին, որովհետեւ ներկայում մեր երկրի վիճակը շատ վատ է համաճարակի պատճառով: Լինելով գիտակից ու պատասխանատու մարդ` 14 օր ինքնամեկուսանալու եմ տանը, նույնիսկ ծնողներիցս եմ հեռավորություն պահում, քանի որ ռիսկային գոտուց եմ եկել եւ կարծում եմ` զգուշությունը չի խանգարի:
Երկու օր է, ինչ այստեղ եմ, ու դեռ փոձում եմ հարմարվել ժամային գոտուն: Կփորձեմ օրս արդյունավետ ու հետաքրքիր անցկացնել: Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, կարծում եմ` դրա համար ճիշտ ժամանակն է: Տնից դուրս չեմ գալու ու հյուրեր չեմ ընդունելու: Շատ լուրջ եմ տրամադրված»,-ասում է նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում