Եկեղեցուն պատրաստվում են հարկային դաշտ բերեն
Եկեղեցուն պատրաստվում են հարկային դաշտ բերեն
Hraparak.am-ը գրում է․ Մոտ 2 տարի առաջ ՀՀ վարչապետի կողմից ստեղծվեց աշխատանքային խումբ պետական գերատեսչությունների և եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ՝ պետության և եկեղեցու հարաբերությունների շրջանակներում հարցեր քննարկելու նպատակով:
Տարբեր առիթներով նշվել է նաև, որ քննարկվող հարցերի շարքում ներառված են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմության՝ որպես պարտադիր առարկայի կրթակարգից դուրս բերումը, եկեղեցու գործունեության հարկումը և նմանաբնույթ այլ հարցեր:
Կառավարությունից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքային խմբում եկեղեցու հետ, և ինչպիսի՞ արդյունքներ կան այս պահի դրությամբ, ճիշտ են, այն տեղեկությունները, ըստ որոնց՝ եկեղեցու բարեգործական ծրագրերը չեն ազատվում հարկերից, մինչդեռ այլ կազմակերպություններ օգտվում են այդ իրավունքից:
Կառավարությունից ծավալուն պատասխան են ուղարկել, որում ներկայացված է մի շարք գերատեսչությունների տեսակետները, որոնք էլ, ըստ էության, հաստատում են այդ տեղեկությունները։
Պետական եկամուտների կոմիտեն նշել է, որ հարկման հարցերի հետ կապված քննարկումներ եղել են Եկեղեցու հետ, սակայն Եկեղեցին չի համաձայնել առաջարկվող պայմաններին, քանի որ առաջարկվել է եկեղեցու ձեռնարկատիրական գործունեությունը հարկել, խոսքը, հավանաբար, մոմերի վաճառքի մասին է։ Կառավարության պատասխանը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի հանաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակութային զարգացման ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև ՀՀ-ի և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, հետևաբար աշխատանքային խումբն ստեղծվել է Սահմանադրությամբ և օրենքով նշված շրջանակում հարցեր առաջանալու դեպքում օպերատիվ քննարկման համար։
Աշխատանքային խումբն ունի խորհրդատվական և առաջարկություներ ներկայացնելու, ինչպես նաև տարբեր նախաձեռնություններով հանդես գալու լիազորություններ, որոնք միտված են պետություն-եկեղեցի հարաբերությունների ամրապնդմանը։ Աշխատանքային խմբի շրջանակում փոխհամաձայնեցված ժամանակացույցով տեղի են ունենում շահագրգիռ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են պետություն – եկեղեցի հարաբերության վերաբերող տարբեր թեմաներ։ Մասնավորապես
Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարություն- Ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2020 թվականի ընթացքում ԿԳՍՄ նախարարության և Եկեղեցու՝ կրթության ոլորտին առնչվող հարցերի պատասխանատուների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք քննարկումներ։
Վերջին խորհրդակցությունը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսին, ԿԳՍՄ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդման, առարկայական չափորոշիչի և ծրագրի վերանայման, ուսուցիչների որակավորման, պատրաստման և վերապատրաստման վերաբերյալ հարցեր։ Քննարկումները կրում են շարունակական բնույթ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատարածքային բաժինը 2019 թվականի օգոստոսին դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ եկեղեցուն պատկանող հողատարածքների հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Բարձրացված հարցերը քննարկվել են ՀՀ մարզպետարանների և համապատասխան համայնքների ղեկավարների հետ, և ստացված տեղեկատվությունը տրամադրվել է Մայր Աթոռին։
Պետական եկամուտների կոմիտե- Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից բարձրացված՝ հարկային և մաքսային հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ աշխատանքային քննարկումների ընթացքում Եկեղեցու ներկայացուցիչների կողմից մշտապես բարձրացվել են հարկային հարաբերությունների առնչվող առավելապես համակարգային բնույթի խնդիրներ, որոնց լուծման նպատակով մշտապես առաջարկվում է Եկեղեցուն ազատել բոլոր հիմնական հարկերի վճարման պարտավորությունից՝ այն հիմնավորմամբ, որ ձեռնարկատիրական բնույթ ունեցող գործունեության մասով հարկերից ազատումը հնարավորություն կտա ավելի շատ միջոցներ տնօրինել և ուղղել Եկեղեցու առաքելության իրականացմանը։
Աշխատանքային քննարկումների ընթացքում հարկերից ազատելու հարցը ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների կողմից մշտապես առաջարկվել է քննարկել այն համատեքստով, որ եթե Եկեղեցու կողմից իրականացվում է եկեղեցական կամ ծիսական գործունեություն, ապա քննարկել այդ գործունեության շրջանակում ձևավորվող հարկման օբյեկտները հարկերից ազատելու հարցը, իսկ եթե իրականացվում է այլ գործունեություն, ապա դրա շրջանակում ձևավորվող հարկման օբյեկտները հարկերից ազատելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով հարկման հավասարության և արդարության հիմնարար սկզբունքը։
Միաժամանակ, որպես հարցի լուծման տարբերակ, առաջարկել է ձեռնարկատիրական բնույթ ունեցող գործունեության մասով հարկերից ազատման հարցը քննարկել բյուջետային ֆինանսավորման շրջանակներում լուծելու համատեքստում։ Արդյունքով տրամադրվող արտոնությունների շրջանակն ընդլայնելու հարցում փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։
Չնայած այն հանգամանքին, որ գործող տարբեր իրավական ակտերով որոշակիորեն կարգավորված են Եկեղեցու կողմից իրականացվող գործունեության հարկման հետ կապված հարաբերությունները՝ այնուհանդերձ առաջարկվել է առկա արտոնությունների կիրառության համար բացահայտել բոլոր հնարավոր խնդիրները, նախկինում ընդունված իրավական ակտերով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել հարկային ու մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դրույթներին:
Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ՀՀ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, 9-րդ կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնության հարցը։ Նշված կարգավորման համաձայան՝ ԱԱՀ-ից ազատվում են կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպությունների կրոնական պարագաների օտարումը , ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը։
Նկատի ունենալով նշված կարգավորման կիրառման հստակեցման անհրաժեշտությունը ՝ ՊԵԿ-ի կողմից 12.02.2020 թվականին ֆինանսների նախարարություն ներկայացված ՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծով, ի թիվս այլ առաջարկությունների, առաջարկվել է քննարկել նաև օրենսգրքի հիշյալ արտոնությունների կիրառության շրջանակը Կառավարության կողմից սահմանելու մոտեցումը, ինչը դեռևս բազմակողմանի քննարկման կարիք ունի։
Հարկ ենք համարում նշել նաև, որ դեռևս լուծված չեն Եկեղեցու և թեմերի կարգավիճակի հետ կապված հարցերը, քանի որ թեմերից մի քանիսը միավորված են Մայր Աթոռի հետ, սակայն մյուսներն ունեն առանձին կարգավիճակ, և բացակայում է համախմբված հաշվառումը։
Արդարադատության նախարարություն- Արդարադատության նախարարությունը՝ որպես «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակող, ՀՀ-ի և Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի քննարկմանն է ներկայացրել մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ի և Եկեղեցու հարաբերությունների օրենսդրական կարգավորման, Սահմանադրության 18-րդ հոդվածով ամրագրված Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելության դրսևորման և ամրագրման հարցերը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում