Մամուլ

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել ՀՀ-ից ծխախոտի արտահանման վերաբերյալ

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել ՀՀ-ից ծխախոտի արտահանման վերաբերյալ

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանից Վորոնեժ՝ իբր «մաքսանենգ» ծխախոտի արտահանման դեպքին, ինչի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Երևանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձևակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում:

Կոմիտեն հայտնում է, որ 29.05.2014-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների Մաքսային միության շրջանակում գործում է ապրանքների ներքին շուկա և իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ պայմանագրով նախատեսված դեպքերի:

Պայմանագրի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն պայմանագրի դրույթների համաձայն, ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»։

Իսկ համաձայն պայմանագրի 29-րդ հոդվածի՝ «Ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են`

1) մարդու կյանքի և առողջության պահպանման,

2) հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության,

3) շրջակա միջավայրի պահպանության,

4) կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության,

5) միջազգային պարտավորությունների կատարման,

6) երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար»:

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն` միության ապրանքները միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով միության մաքսային տարածքի մի մասից միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման` բացառությամբ միության այդպիսի ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ միության ապրանքները ենթակա չեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, եթե դրանք փոխադրվում են միության անդամ մի երկրից մյուս երկիր միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` օդային տրանսպորտով` համապատասխանաբար առանց միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու:

Սա նշանակում է, որ նման դեպքերում մաքսային մարմիններն իրավասու չեն այդ ապրանքների նկատմամբ որևէ գործառնություն (այդ թվում՝ մաքսային հսկողություն) իրականացնել։

Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացվում է, որ միության ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից:

Միաժամանակ, հայտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից` մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են:

Կիսվել