«Ես բիզնես չունեմ, այս իրավիճակն ազդում է ֆինանսական հնարավորություններիս վրա»․ Մգեր Արմենիա
«Ես բիզնես չունեմ, այս իրավիճակն ազդում է ֆինանսական հնարավորություններիս վրա»․ Մգեր Արմենիա
Tert.am Life-ը գրում է․ Արտակարգ դրությունն ազդել է ամբողջ աշխարհի, այդ թվում՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերի եկամտի վրա։ Հատկապես հայկական շոու բիզնեսում եկամուտը հիմնականում գոյանում է կորպորատիվ միջոցառումներից, որոնք այս շրջանում չեղարկվել են։
Երգիչ Մգեր Արմենինան Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ իր միակ բիզնեսն ու եկամտի աղբյուրն իր արվեստն ու երգն է, հիմա ֆինանսական խնդիրներ են առաջացել։
«Համերգներ ու կորպորատիվ մի շարք միջոցառումներ ունեի, որոնք հետաձգվեցին կամ չեղարկվեցին։ Գործի հետ կապված ամեն ինչ դադարի մեջ է ու ոչ միայն ինձ մոտ։ Միանշանակ, այս ամենը լուրջ ազդեցություն ունեցավ մեր եկամտի վրա։ Եթե ես ունենայի բիզնես, ենթադրենք սննդի խանութ, այլ կլիներ։
Սակայն ես բիզնես չունեմ և այս իրավիճակն ազդում է ֆինանսական հնարավորություններիս վրա։ Իմ բիզնեսն իմ երգն է։ Այն, ինչ կատարվում է, հարվածում է յուրաքանչյուրիս գրպանին»,-ասաց երգիչը։
Նա նշեց, որ այս իրավիճակում պետք է խնայողաբար ծախսել գումարը, հնարավորինս խնայել, քանի որ դեռ հստակ չէ, թե ինչ է լինելու ապագայում, երբ կյանքն ամբողջությամբ կվերադառնա նախկին հունին։
«Բոլորս էլ հիմա սպասողական վիճակում ենք։ Այն, որ այս իրավիճակը կհարվածի յուրաքանչյուրիս գրպանին, կանխատեսելի էր։ Ես էլ, շատերի պես, աշխատում եմ ամենօրյա վաստակով։
Մեր գործն անմիջականորեն կապված է մեզ շրջապատող իրադարձությունների հետ։ Ամեն ինչ մի տեսակ կանգ է առել։ Հետևաբար, մենք էլ գործ չունենք։ Եղածներն էլ հետաձգվել են, բայց թե մինչև երբ, որևէ մեկը չի կարող կանխատեսել»,- ասաց Մհերը։
Նրա խոսքով՝ դժվար է կռահել այս ամենից հետո արդյոք կյանքը կունենա նախկին ակտիվությունը, թե՞ դրա համար մարդկանց դեռ ժամանակ է պետք գալու․ «Խոսքս կյանքի բնականոն հունի ու ակտիվության մասին է։
Ըստ իս՝ այս ամենից հետո մարդիկ սկսելու են ուրիշ կերպ մտածել, գումարն ուրիշ կերպ ծախսել։ Սա նշանակում է, որ մենք էլ պետք է հասկանանք, թե ինչ ենք անում։ Մենք՝ երգիչներս, կախված ենք և՛ տիրող իրավիճակից, և’ այն ամենից, ինչ կատարվում է ժողովրդի հետ»։
Որքան էլ ֆինանսական կողմն անհանգստացնող է, երգիչը նշեց նաև ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու և ստեղծագործելու կարևորությունը։ Ըստ նրա՝ դժվարությամբ է համակերպվել տնային կյանքին, սակայն գիտակցում է, որ այլ տարբերակ չկա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում