«Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու». կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին մեկուսացրել են
«Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու». կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին մեկուսացրել են
News.am-ը գրում է․ Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի հետ զրույցում Արմենը պատմեց, որ երեկ երեկոյան երբ 20 օր ինքնամեկուսանալուց հետո որոշել է մի փոքր զբոսնել, վթարի է ականատես եղել եւ օգնություն է ցուցաբերել վիրավորին:
«Գայի պողոտայի այգում մոտերքում զբոսնում էի, վթարի ձայնը լսեցի, վազելով մոտեցա, օգնեցի վիրավորին, ձեռքը գցեցի ուսիս, տարա, նստացրեցի նստարանին: Հետո գոռաց՝ հեռու մնա, հեռու մնա, ճիշտն ասած չհասկացա` ինչի համար, մտքովս չէր անցել, հետո վարրոդին տեսա, որ գլուխը բռնած դուրս էր գալիս մեքենայից, շոկի մեջ էր:
Հետո ոստիկանները մոտեցան, հեռու տարան եւ նոր ասացին, որ վարակված է»,- պատմեց Արմենը` նշելով, որ վարակվածը մոտ 40 տարեկան տղամարդ էր եւ վնասել էր ոտքը:
Միջադեպից որոշ ժամանակ անց է միայն Արմենը հասկացել, որ վարակվածի հետ է մոտիկից շփվել եւ տանը գտնվող մեծահասակ ընտանիքի անդամներին վտանգի տակ չդնելու համար զանգահարել է թեժ գիծ, եւ որոշ ժամանակ անց նրան տանել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, այնտեղից էլ հյուրանոց` մեկուսացնելու:
«Այժմ գտնվում եմ «Իմպերիալ» հյուրանոցում։ Ամեն ինչ լավ է, շատ գոհ եմ, 14 օրից թեստավորվելու եմ: Դեպքից հետո ոչ մեկի հետ չեմ շփվել»,- հավելեց նա։
Արմենի խոսքով` միայն ինքն է օգնել վիրավոր քաղաքացուն, այլ քաղաքացիներ չեն մոտեցել վարակված քաղաքացուն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում