Քաղաքացիական ավիացիան խորհուրդ է տալիս ավիաընկերություններին շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքով թռիչքուղիները
Քաղաքացիական ավիացիան խորհուրդ է տալիս ավիաընկերություններին շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքով թռիչքուղիները։
Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեյի ֆեյսբուքյան էջից։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է՝
«Հարգելի քաղաքացիներ,
Ինչպես տեղեկացրել էինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների, Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։
Լրացուցիչ տեղեկատվության դեպքում այն կտրամադրվի ՀՀ գրանցված ավիաընկերություններին և հանրությանը:
Հարգանքով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։