Շոու-բիզնես

«Յանան խանդոտ է, բայց գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում». Սուրեն Փահլևանյանը՝ Էվա Խաչատրյանի հետ անկողնային տեսարանների մասին

«Յանան խանդոտ է, բայց գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում»: «Պատվից առավել» հեռուստասերիալի ավարտից հետո հեռուստադիտողները չեն հասցնի կարոտել դերասան Սուրեն Փահլևանյանին, քանի որ հունվարից նա եթերում կլինի Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» նախագծի շրջանակում: Դերասանը գործընկերների հետ մեկնել էր Շրի Լանկա, որտեղ էլ կայացել է հեռուստասերիալի նկարահանումների մի մասը:

Վերադարձից հետո Սուրենը Tert.am Life-ի հետ խոսել է ինչպես նոր դերակատարման, այնպես էլ Շրի Լանկայում կայացած նկարահանումների և Էվա Խաչատրյանի հետ ունեցած անկողնային տեսարանների ու կնոջ վերաբերմունքի մասին:

Իր նոր հերոսի՝ Մարատի մասին շատ բացահայտումներ անել Սուրենը չի ցանկանում, որպեսզի հեռուստադիտողները հետաքրքրությամբ սպասեն իր մուտքին հեռուստասերիալ, որը կլինի 10-րդ սերիայում: Մարատը գլխավոր կերպար չէ, սակայն Սուրենը վստահ է՝ իր հերոսը երկրորդ պլանում չի մնա:

Սուրեն Փահլևանյան

«Բնականաբար, պատմությունը կառուցվում է Սոնայի շուրջ, գլխավոր կերպարը նա է, սակայն առաջին անգամ չէ, որ ես նախագիծ եմ գալիս երկրորդական կերպարով, և ընթացքում կերպարս դառնում է առաջնային: Դա կախված է նրանից, թե ինչպես կներկայացնես հերոսիդ: «Պատվից առավելում» իմ կերպարը՝ Ռոմանը, երրորդական էր, սակայն դարձավ գլխավոր հերոսներից մեկը: Ընդ որում՝ Ռոմանի կերպարի համար վերջերս արժանացա «Տարվա լավագույն սերիալային դերասան» մրցանակին: Ինձ համար շատ ուրախալի էր, որ հերոսս այդքան սիրվեց: Շնորհակալ եմ  թե՛ ստեղծագործական թիմին, թե՛ երկրպագուներին այս նախագծի կայացման համար»,- ասաց նա:

Ելենա Արշակյանի թիմի հետ ճամփորդության մեկնելը, ըստ Սուրենի, հաճույք է: Նրա խոսքով՝ տարիների համագործակցության ընթացքում ընտանիքի պես են դարձել:

Սուրեն Փահլևանյան

«Մենք այս ճամփորդության ժամանակ չէ, որ պետք է ճանաչեինք իրար: Այս թիմի հետ ընտանիքի պես ենք: Մենք ոչ թե ճանապարհ ենք գնացել իրար ճանաչելու համար, այլ ճանապարհ ենք գնացել, որովհետև ճանաչում ենք իրար: Որևէ բացահայտում չենք արել, որը կարող էր մեզ անակնկալի բերել: Ինձ համար ճանապարհի նոր ընկեր էր դերասանուհի Սուսաննա Ղևոնդյանը, որը մարմնավորում է Էվա Խաչատրյանի հերոսուհու մայրիկին, սակայն նա էլ իսկական ճանապարհի ընկեր է»,- ասաց նա:

Ըստ Սուրենի՝ Շրի Լանկայում շատ լավ նկարահանումներ են ունեցել, որոնք կարող է համեմատել գեղարվեստական ֆիլմի նկարահանումների մակարդակի հետ: Սուրենն ու Էվան նաև բաց տեսարաններ են ունեցել: Ըստ դերասանի՝ նման հարցերի պետք է մասնագիտական տեսանկյունից մոտենալ. «Ես պրոֆեսիոնալ դերասան եմ և հասկանում եմ, որ եթե մի ամբողջ թիմ հասել է Շրի Լանկա գեղեցիկ տեսարաններ ստանալու համար, այդ տեսարանները պետք է ստանան: Բաց տեսարան ասվածը հարաբերական է: Ֆիլմում կան անկողնային տեսարաններ, որոնք շատ գեղեցիկ են նկարահանվել»:

Սուրեն Փահլևանյան

Սուրենից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կինը՝ հաղորդավարուհի Յանա Դանիելյանն արձագանքում իր մասնակցությամբ նման տեսարաններին. «Կինս, իհարկե, խանդում է, միաժամանակ ինձ շատ է վստահում: Նման տեսարանները չեն կարող խնդիրներ ստեղծել մեր ընտանիքում: Այստեղ ոչ թե Սուրեն Փահլևանյանն ու Էվա Խաչատրյանն են համբուրվում, այլ Մարատն ու Մարգարիտան: Դրանք տարբեր բաներ են: Դա հասկանում է նաև կինս, որովհետև գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում: Ես չեմ հավատում, երբ ասում են՝ զույգը բաժանվեց նման խնդրի պատճառով: Վստահ եմ, որ եթե զույգը բաժանվում է, ուրեմն այլ խնդիրներ է ունեցել: Յանան գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում: Դրանով ամեն ինչ ասված է»:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում