ՄամուլՍպորտ

Երբ ես կապ ունեի ֆուտբոլի հետ, նոր ղեկավարները մանկապարտեզ էին գնում. Մարինա Թաշչյան

Երբ ես կապ ունեի ֆուտբոլի հետ, նոր ղեկավարները մանկապարտեզ էին գնում: Ինչպես արդեն հայտնել ենք,  երեկ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, չի ընտրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի կազմում։

ArmDaily.am-ի հետ զրույցում Մարինա  Թաշչյանն ասաց, որ ֆուտբոլի բնագավառում կդադարի գործունություն ծավալել։

«Եթե իրենք որոշել են, որ իմ փորձն իրենց պետք չէ և գտնում են, որ ավելի լավ մասնագետներ ունեն, թող իրենք իրենցով զբաղվեն։ Ժամանակը ցույց կտա իրենց աշխատանքը և ժողովուրդն էլ կհասկանա ով ով է։ Ես շատ բան եմ արել ֆուտբոլի համար, 23 տարի աշխատել եմ ֆուտբոլի ֆեդերացիայում, եղել եմ ՈՒԵֆԱ-ի անդամ, իրենց կողմից պատվիրակ։

Եթե որոշել են, որ ավելի խելացի են, թող իրենք ֆուտբոլը զարգացնեն, ես էլ անելիք չունեմ։ Մենք ֆուտբոլային ընտանիք ենք եղել, ֆուտբոլի համար շատ բան ենք արել, սկսած իմ ամուսնուց։ Եթե գտնում են, որ իրենք ավելի շատ բան են արել, թող այդպես էլ շարունակեն»,-ասաց Թաշչյանը։

Անդրադառնալով հասարակության արձագանքին, Մարինա Թաշչյանն ասաց. «Ասում եմ, որ ես հին եմ, Հայրապետյանի օրոք եմ աշխատել։ Հայրապետյանը եղել է իմ 3-րդ նախագահը, իսկ Վանեցյանը՝ 4-րդը։ Ես բոլոր նախագահների ժամանակ էլ աշխատել եմ և բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Դա չի նշանակում, որ ես հին նախագահի մարդն եմ։

Իրենք հին նախագահի մարդը չե՞ն։ Նիկողոսյանը, Մելիքբեկյանը չե՞ն աշխատել Հայրապետյանի օրոք։ Իսկ ո՞վ է Նիկողոսյանին բերել ֆուտբոլի ֆեդերացիա, նույն պարոն Հայրապետյանը։ Էտ ինքը Հայրապետյանի մարդը չեղավ, մենք բոլորս դարձանք նրա մարդը։ Մոռանում են, ում հաշվին են եկել Ֆեդերացիա։

Նիկողոսյանը եղել է Հայրապետյանի խորհրդականը և բացեք հին հարցազրույցները, և տեսեք, թե ինչ բարձագոչ հայտարարություններ է անում Նիկողոսյանը Հայրապետյանի մասին։ Ու հիմա էտ նույն մարդը կարողանում է պպատվերով հոդածներ տալ, թե մենք հին նախագահի մարդն ենք։ Ինքը մոռացել է, թե ինքն ով է։ Ես մի քանի նախագահ եմ փոխել, բայց դա չի նշանակում որ ես հին եմ։ Ես ֆուտբոլի մեջ միշտ նոր եմ։

Ես և իմ ընտանիքը երբեք ոչ մի նախագահի կամ այլ անձի համար ոչինչ չենք արել,արել ենք ֆուտբոլի համար։ Կարդում եմ մեկնաբանություններ, որտեղ մարդիկ գրում են, թե ինչ կապ ունի Հենրիկի մայրը ֆուտբոլի հետ։ Երբ ես կապ ունեի ֆուտբոլի հետ, էս նոր ղեկավարները երևի թե նոր մանկապարտեզ էին գնում»։

Մարիա Թաշչյանը ընդգծեց, որ ցավում է իր հանդեպ վերաբերմունքի համար։

«Ինձ ոչ պետք էր գործկոմում մնալ, ոչ այլ բան։ Ուղղակի խնդիրն իրենց վերաբերմունք էր իմ հանդեպ։ Ես եղել եմ ՈՒԵՖԱ-ի կանանց կոմիտեի անդամ, ինձ հանել են անգամ ինձ չտեղեկացնելով։ Ֆեդերացիան տեղյակ էլ չի պահել, բա դա վերաբերմունք է Հենրիկի մորը»։

Աղբյուր՝ armdaily.am

Կիսվել նյութով