«Լկտի սուտ է»․ Մերի Հակոբյանը հերքում է՝ չի ստորագրել ի պաշտպանություն Քոչարյանի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը երեկ տեղեկացրել էր, որ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ: Նրանց թվում նշվել էր նաև դերասանուհի Մերի Հակոբյանը ։
Վերջինս, սակայն Irakanum.am-ի հետ զրույցում լկտի սուտ որակեց այդ տեղեկությունը, հայտարարելով, որ որեւէ ստորագրահավաքի չի միացել։ Մերի Հակոբյանը փոխանցեց, որ գտնվում է Մոսկվայում, եւ իրեն հայտնի չէ, թե ինչպես է իր անունը հայտվել այդ ցուցակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
Սակայն հայտարարությունից հետո մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պնդեցին, որ իրենք այդ ստորագրահավաքից տեղյակ չեն, եւ իրենց համաձայնությունը չեն տվել։