«Երևան Սիթի» սուպերմարկետում գողություն արած տղամարդը բռնվելուց հետո հանկարծամահ է եղել
«Երևան Սիթի» սուպերմարկետում գողություն արած տղամարդը բռնվելուց հետո հանկարծամահ է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության (կենտրոն) ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը 58-ամյա Լևոն Բ.-ն է. ով նշված սուպերմարկետում Երևանի բնակիչ, 26-ամյա Դալար Ա.-ի սայլակի միջից գողացել է նրան պատկանող պայուսակը, ինչը նկատել են անվտանգության աշխատակիցները: Վերջիններս կասկածյալին ուղեկցել են մենեջերի աշխատասենյակ, որտեղ նա հանկարծամահ է եղել:
Ոստիկանները մահացածի մոտ հայտնաբերել են սայլակի միջից գողացված գողոնը, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Աղբյուր՝ shamshyan.com