Հակառակորդի կրակոցների պահին Կոթի գյուղում հարսանիք էր ընթանում, բայց այն չի դադարեցվել
Հակառակորդի կրակոցների պահին Կոթի գյուղում հարսանիք էր ընթանում, բայց այն չի դադարեցվել․․․
Տավուշի մարզի Կոթի բնակավայրում այս պահին իրավիճակը հանգիստ է, մանկապարտեզներն ու դպրոցը գործում են: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր հակառակորդը կրակ էր բացել Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու եւ Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել էր կրակը:
Մելիքյանը մեր զրույցում նշեց, որ կրակոցները եղել են ընդհատումներով:
Հարցին՝ կրակոցների հետեւանքով վնասներ եղե՞լ են, վարչական ղեկավարը պատասխանեց. «Մարդու վնաս չի եղել, բնակիչներից էլ դեռ բողոք չեմ ստացել, որ կրակոցի հետեւանքով ինչ-որ նյութական վնաս պատճառված լինի: Եթե լինի էլ, առավելագույնը տանիքին կամ պատուհանին եղած կլինի»:
Մելիքյանը նշեց, որ կրակոցների պահին գյուղում հարսանիք էր ընթանում. «Հարսանյաց սրահը նրանց կրակած դիրքերի ուղիղ դիմացն էր: Բայց հարսանիքը չեն դադարեցրել, շարունակել են»,- ասաց նա, ապա հավելեց. «Իրենց մոտ միշտ այդպես է. հիշողության կորուստ են ունենում, երբ մի հատ լավ դաս են տալիս մերոնք, հանգստանում են: Վերջին անգամ այսպես ակտիվ եղել է 2018-ի սեպտեմբերին»:
Աղբյուր՝ armtimes.com