«Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատներն առնչություն չունեն». գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյան
Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատները ոչ մի առնչություն չունեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը։
«Որդեգրման պրոցեսն ընթանում է իրավապահների, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, մանկատան և այլ կառույցների կողմից»,-ասաց Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ըստ տարածված լուրերի` նորածինների ապօրինի որդեգրման դեպքեր են արձանագրվել նաև պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում` Հանրապետական ծննդատանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։
2009թ.-ին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։
։