Ազատ խոսք

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենը հրապարակավ գնդակահարել է շանը․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ոստիկաններին

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենը հրապարակավ գնդակահարել է շանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. « Պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, Ձեր ենթակաները օրենք չգիտեն։ Երեկ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը հրապարակավ գնդակահարել է շանը ու հպարտ հարցազրույց տվել, որ շունն իրենն էր ու կատաղած էր։ Քաղաքացիների ահազանգով ժամանած ոստիկաններն էլ ասել են, թե կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը դեռ ուժի մեջ չի մտել ու գնացել են։

Որպես օրենքի հեղինակ՝ տեղեկացնում եմ բոլորին, որ օրենքը հոկտեմբերի 23-ից արդեն գործում է եւ քիչ առաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատարին՝ հանձնարարել սկսել քննություն Սուրիկ Աղաջանյանի հանդեպ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում։

Հանկարծ մեկի մտքով չանցնի, թե դեկորացիայի համար ենք օրենք ընդունել ու գազանները կարող են այսուհետ եւս կենդանի տանջել ու սպանել։

Չի լինելու։ Չենք թողնելու։

Մեկ էլ մի բան. պարոն ոստիկանապետի պաշտոնակատար, ինչ-որ մի կառույցի հանձնարարեք Ձեր ենթակաների համար լիկբեզ անեն, որ իմանան իրենց ոլորտին առնչվող ո՞ր օրենքը երբ է մտել ուժի մեջ։

Հ.Գ. Շանը դաժանաբար գնդակահարածի օգնական տիկինը լալահառաչ մի տեքստ է գրել, որ իր շեֆը սրբությամբ պահում եւ պահպանում է Աստծո ստեղծած յուրաքանչյուր էակի։ Փաստորեն՝ պահպանում է գնդակահարելով։ Ու նման բան ասողը կին է։ Չի բացառվում՝ նաեւ մայր»։

Կիսվել