Նոր կառավարությունը հետ վերցրեց Տարոն Մարգարյանի կողմից Նունե Եսայանին տրված նվերը
Նոր կառավարությունը հետ վերցրեց Տարոն Մարգարյանի կողմից Նունե Եսայանին տրված նվերը։ Կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր 30 հարց, որից 19 հարցը չզեկուցվող են։ Չզեկուցվող հարցերն ուսումնասիրելուց պարզ դարձավ, որ, օրինակ, դրանցից մեկով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշում է կայացրել անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնել։
Նախագծից պարզ դարձավ, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 1-ին մասնաշենքի 3-րդ հարկն ամբողջությամբ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու են «Երեւանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը։
Ընդ որում, որոշման նախագծից տեղեկանում ենք, որ 2013 թվականին այդ հարկի շինությունն ամբողջությամբ հետ է վերցվել «Երեւանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից եւ 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
Սակայն այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել՝ «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված գործարար ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման անհնարինության պատճառով: Եվ, ահա, այս ամենից հետո որոշում է կայացվել տարածքը կրկին վերադարձնել դպրոցին։
Հիշեցնենք՝ 2013 թվականի ապրիլին, երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, կառավարության նիստում որոշում էր կայացվել Երևանի թիվ 53 դպրոցի երրորդ հարկաբաժնից 500 քմ տարածք տրամադրվեց «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին:
Այդ ժամանակ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ երգչուհին այդ տարածքի վրա աչք էր դրել դեռևս Գագիկ Բեգլարյանի պաշտոնավարման տարիներից:
Աղբյուր՝ armlur.am